Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) ներկայացնում է հետևյալ փատաթղթերը.
1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ.
2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ).
3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), ինչպես նաև դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի (ներառում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը (քաղաք, շրջան, գյուղ), հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը) և 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով.
4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի (նաև մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին.
5) ըստ անհրաժեշտության, ներկայացվում է նաև`
ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև` ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները,
բ. ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը և դրանց լուսապատճենները,
գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը և դրա լուսապատճենը,
դ. նոտարի կողմից տրամադրված` զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված՝ զոհվածի (մահացածի) կարգավիճակը հաստատող տեղեկանք, զոհվածի մահվան վկայական և դրանց լուսապատճենները,
ե. տեղեկանք զինկոմիսարիատից` 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ:
Հարց 5. Ո՞ր ժամանակահատվածում ներդրված դրամական ավանդերի դիմաց է տրվում փոխհատուցումը:
Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք փոխհատուցում կարող են ստանալ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց: