Իտալիայի ափամերձ անվտանգության ծառայությունը գործողություն է իրականացրել Կատանզարո քաղաքի մոտակայքում 40 մետրանոց զբոսանավի վթարի վայրում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, «Սագա» նավի սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար Գենադի Այվազյանն է, որը գործունեություն է ծավալում ածուխի արդյունահանման ոլորտում։
Նավը եղել է Կայմանյան կղզիների դրոշով։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ․ զբոսանավը դուրս էր եկել Գալիպոլի նավահանգստից և ուղղվել դեպի Սիցիլիայի հյուսիս-արևելյան ափ։
Փրկարարները դուրս են բերել զբոսանավի 4 ուղևորներին ու անձնակազմի 5 անդամներին։ Հրապարակվել է նաև նավի խորտակվելու տեսանյութը։