Ինչ ժամկետով է այժմ քաղաքացուն անձնագիր տրամադրվում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն սահմանված են անձնագիր ձեռք բերելու իրավունքը և անձնագրի վավերականության ժամկետները։

Iravaban․net-ը հայտնում է, որ օրենքի համաձայն՝ քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից:

Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով,

6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 5 տարի վավերականության ժամկետով,

իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի վավերականության ժամկետով:

Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչև նրանց 19 տարին լրանալը,

իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով:

Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:

16 տարին լրացած քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ:

Առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն անձնագիր ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:

Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է այլ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:

Մինչև 16 տարեկան երեխային մյուս ծնողի դիմումի հիման վրա անձնագիր չի տրամադրվում, եթե ծնողը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն նախապես ներկայացնում է անձնագիր տրամադրելու անհամաձայնության վերաբերյալ գրավոր հայտարարություն: Հայտարարությանը կցվում է երեխայի բնակության վայրը որոշելու` նոտարական կարգով վավերացված համաձայնության պատճենը կամ դատական ակտի պատճենը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել