Երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ծնողները կարող են նպաստ ստանալ

«Պետական նպաստների մասին» գործող օրենքի համաձայն՝ երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքը կարող է ստանալ հրատապ օգնություն։

Iravaban.net-ը հայտնում է, որ երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, որի չափը կազմում է 25․000 ՀՀ դրամ:

Օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը։

1. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:

2. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է տարածքային կենտրոն:

3. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք:

4. Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի՝ առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:

5. Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել