Երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու համար մինչև 5 տարվա ազատազրկում է սպասվում

Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով սահմանված է երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու համար նախատեսված պատիժները։

1. 18 տարին լրացած անձի կողմից երեխային ոգելից խմիչքների օգտագործմանը կամ ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը կամ թափառաշրջիկության կամ մուրացկանության պարբերաբար ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 189-րդ հոդվածով (Երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը) նախատեսված հանցանքի հատկանիշները`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով`100-200 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ

2) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 150-270 ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` 3-7 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել