Կառավարության օգոստոսի 18-ի նիստին գործադիրի անդամենրը մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց հիշատակը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին խնդրեց ներկայացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունքներն ու ընթացքը։
Նախարարի խոսքով՝ 26 անձ դուրս է բերվել փլատակներից, 10-ը փրկվել են։ 16 դիերից ճանաչվել է 15-ի ինքնությունը։ Ենթադրվում է, որ չճանաչված դին անհետ կորած համարվող երկու անձանց շարքում է։ «Այս պահի դրությամբ տարվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու մյուս անհետ կորածին, որի նաև անուն, ազգանունն ունենք, թե կոնկրետ ում ենք փնտրում, որ հատվածում։ Մենք ներկա պահին մաքրել ենք տարածքի 90 և ավել տոկոսը, մոտեցել ենթադրվող էպիկենտրոնային գոտուն և այդտեղ ենք իրականացնում որոնողափրկարարական աշխատանքներ։ Ուզում եմ նշել, որ ներկա պահին բարդություններ ունենք փլուզումից հետո առաջացած կախված կոնստրուկցիաների հետ, որոնք որ ապամոնտաժում ենք, փորձում հնարավորինս անվտանգ միջավայր ստեղծել փրկարարների համար»,-ասաց նախարարը։
Արմեն Փամբուխչյանը նշեց, որ վիճակագրության համաձայն վերջին դին հանվել է հրդեհից 42 ժամ անց։ Ինչ վերաբերում է ենթադրյալ վերջին զոհին, նախարարը նշեց, որ տեղեկությունների համաձայն անձը գտնվել է հենց պայթյունի վայրում։ «Մենք փորձում ենք կատարել մաքրման աշխատանքներ, սյուների հեռացում, հարկադիր փլուզումներ ենք իրականացնում, որպեսզի կարողանանք մոտենալ բուն նկուղային հարկին, որտեղ գտնվել է տվյալ քաղաքացին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, այսինքն այնտեղ հարվածային ալիքը, հրդեհը, այս օրերի ընթացքում՝ գոլորշին, բավականին բարդ է լինելու այդ քաղաքացու հայտնաբերումը»,-ասաց նա։
Վիրավորում ստացած քաղաքացիների վերաբերյալ մանրամասներ հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ բուժսպասարկումը, վիրահատությունները կատարվել են անվճար, եթե հաջորդիվ շարունակական բուժօգնության կարիք լինի՝ նույնպես կիրականացվի անվճար։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը դեպքի առթիվ հարուցված քրեական գործի որոշ մանրամասներ ներկայացրեց։
«Այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ դիտավորյալ հանցակազմի առկայության վերաբերյալ»,-ասաց նա։ ՔԿ նախագահի խոսքով՝ առկա ապացույցները վկայում են, որ դեպքը տեղի է ունեցել անզգուշության հետևանքով։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման դեպքից հետո առաջին հարցը, որ գոնե իր մոտ ծագում է հարց՝ ի՞նչ չենք արել, կամ կառավարությունը ի՞նչն այնպես չի արել, որպեսզի կարողանանք բացառել, կամ կանխել նման զարգացումը: «Պիտի տեղեկացնեմ ձեզ, որ դեռևս 2020 թվականի օգոստոսին Բեյրությում տեղի ունեցած պայթյունից հետո ես հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին՝ հավաքել տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ և այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր: Իհարկե, դեպքից հետո առաջին գործողություններից մեկը, որն արել եմ, հաշվետվություն եմ փորձել ստանալ տվյալ հանձնարարականի կատարման վերաբերյալ: Այս պահի դրությամբ այդ մասով տեղեկատվությունն ամփոփովում է, բայց նաև պիտի հանձնարարեմ՝ Պետական վերահսկողական ծառայությունը կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն և ինձ ամբողձական զեկուցի, թե 2020 թվականի օգոստոսի իմ տված հանձնարարականը ինչպես է կատարվել:
Այս պահի դրությամբ գիտենք, որ խնդրո առարկա առևտրի կենտրոնում Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչսական մարմինը կատարել է ստուգումներ 2021 թվականի գարնանը: Ենթադրում եմ՝ այդ հանձնարարության շրջանակներում արձանագրել է խախտումներ: Այս տեղեկատվությունը հայտնի է, բայց ամեն դեպքում ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն, թե բովանդակային առումով ինչպես է կատարվել հանձնարարականը: Ընդ որում, այդ հանձնարարականը, եթե չեմ սխալվում, ժամկետով սահմանփակված չի եղել: Խնդիրը եղել է այն, որ Բեյրութում տեղի ունեցածից հետո խնդիր է դրվել՝ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանում նմանատիպ իրադարձություն տեղի չունենա»,-մանրամասնեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում