Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ օգոստոսի 11-ին, նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը 100 միլիոն դրամ գրավի և չհեռանալու մասին ստորագրության կիրառմամբ ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ օգոստոսի 11-ին, Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ միջնորդություն ենք ներկայացրել դատարան, որով խնդրել ենք հրավիրել արտահերթ դատական նիստ եւ վերջինիս առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել։
Հրատապ դատական նիստը նշանակվել էր ժամը 16:30-ին։
—————————
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Աղվան Հովսեփյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ՝ ԿՏ անգիոգրաֆիա հետազոտության համար։ «Նաիրի»ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ ետ վերադառնալիս ուշագնաց է եղել։
«Այնուհետև պարզվել է, որ դրա պատճառն է հանդիսացել պ-ն Հովսեփյանի մոտ այդ պահին կազմած արյան մեջ գլյուկոզայի բարձր ցուցիչը՝ 29մմոլ/լ:
Աղվան Հովսեփյանը տառապում է շաքարային դիաբետով, որն ընթանում է ծանր ձևով, որը նաև ըստ մասնագետների կարծիքի՝ կյանքի ու առողջության համար վտանգ է հանդիսանում։ Ըստ բժիշկների՝ հաջորդ անգամ հնարավոր է դա հանգեցնի հիպերգլիկեմիկ կոմայի:
Դատավոր Մարտիրոսյանն օրեր առաջ նույնիսկ չքննարկեց պաշտպանության կողմի միջնորդությունը՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի վատթարացման և նրա մոտ նոր հիվանդությունների հայտնաբերման հիմքով խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Ուստի անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Մարտիրոսյանը»,-նշել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ թողնելու որոշման դեմ բողոքը։ Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ։