Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով սահմանված են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու համար նախատեսված պատիժները։
Iravaban.net-ը հայտնում է, որ պատիժները խստացվել են։
1. Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելը՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով (նախկինում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով):
2․ Նշված արարքը, որը կատարվել է՝
1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով կամ
2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով (նախկինում՝ 1-5 տարի ժամկետով):
3. 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ, ինչպես նաև զորահավաքային զորակոչից խուսափելը`
պատժվում է ազատազրկմամբ` 6-12 տարի ժամկետով:
4. 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել և զորակոչվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության: