Սոցիալական խնդիրների նկատմամբ երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և դրանց լուծմանը անմիջական մասնակից դաձնելու նպատակով Երևանի քաղաքապետի օգնական, Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախագահ Սամվել Մերթարջյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Ծրագրերի մշակման խորհրդատու Ջորջ Հոդջի ու Մանկական հիմնադրամի «Kolba Labs» ծրագրի խորհրդատու Լիլիթ Արզոյանի հետ:
Սամվել Մերթարջյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նպատակները, գործունեությունը, հանձնաժողովի կողմից նախաձեռնված «Երևանը մեր տունն է», «Գրքի Բանկ» նվիրատվության տաղավար, «Բանավեճի ակումբ» և այլ ծրագրերը, ինչպես նաև դրանց իրականացման շնորհիվ ձեռք բերված արդյունքները:
Հանդիպման ժամանակ ներկայացվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ կյանքի կոչվող «Kolba Labs» նախագիծը, որը նպատակ ունի աջակցել երիտասարդներին` «սոցիալական բիզնես» ծավալելու գործում: Kolba Labs-ը ձեռնարկությունների ինկուբատոր է՝ կոչված միավորելու առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները:
Երիտասարդները, որոնք անտարբեր չեն իրենց համայնքի կամ այլ մարդկանց սոցիալական խնդիրների նկատմամբ, հնարավորություն են ստանում ծավալելու բիզնես, որը կլինի ֆինանսապես կայուն ու ինքնուրույն:
Կարևորելով ներկայացված նախաձեռնությունը՝ Սամվել Մերթարջյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցում է սոցիալական խնդիրների լուծման գործում երիտասարդների առավելագույն ներգրավում ապահովող ծրագրերին, կամավորական երիտասարդական աշխատանքներին և պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախագծի իրագործման գործընթացին բոլոր փուլերում: Ներկայացված նախագիծը համահունչ է երիտասարդական հանձնաժողովի նպատակներին և կարող է դիտարկվել հանձնաժողովի կողմից նախաձեռնված ծրագրերի և միջոցառումների, ինչպես նաև www.iyerevan.am հարթակի համատեքստում:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ միաժամանակ քննարկվել է նաև «Kolba Labs» նախագծի շուրջ քննարկումների և դասընթացների կազմակերպման հնարավորությունը Երևանի քաղաքապետարանում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջորջ Հոդջը կարևորել է համագործակցության ընդլայնումը Երևանի քաղաքապետարանի հետ և առաջարկել է Երևանի քաղաքապետի օգնականին ներգրավվել «Kolba Labs» նախագծի գնահատող հանձնաժողովում:
Իրավաբան.net