Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված, այդ թվում՝ ազատազրկում

Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածով։

Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն՝

1. Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելը կամ պահելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը 100 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 1 տարի ժամկետով, կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունը հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով տարածելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով`80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

2) տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով`100-200 ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Նշենք, որ նախկինում այս արարքների համար ավելի մեղմ պատիժներ էին նախատեսված՝ 200․000-500․000 դրամի չափով տուգանք, կամ կալանք՝ 1-2 ամիս ժամկետով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել