Հուլիսի 25-ին կայացավ «Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոց» հիմնադրամի գործունեության մեկնարկն ազդարարող շնորհանդեսը։ Հիմնադրամը ստեղծվել է մոտ մեկ տարի առաջ։ Դրա առաքելությունը՝ ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված որակյալ, նորարարական և մրցունակ կրթության ապահովման միջոցով, հայկական ֆուտբոլային տնտեսության արդյունավետության բարձրացումն է:
«Եթե ավելի պարզ և մատչելի՝ Հիմնադրամի բազային առաքելությունը՝ ժամանակակից կրթական ծրագրերն ու նորարարական տեխնոլոգիաները հայկական ֆուտբոլային միջավայր տեղափոխելն է»,-նշում են հիմնադիրները։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը և Հիմնադրամի համահիմնադիր Կարեն Զադոյանը և Հիմնադրամի համահիմնադիր, գործադիր տնօրենի պաշտոնակատար Գերասիմ Բարսեղյանը։
Գիլոյանն իր խոսքում նշեց, որ հույս ունի՝ դպրոցի միջոցով հնարավոր կլինի Հայաստանում զարգացնել ֆուտբոլային մենեջմենթը և մարքեթինգը։
«Այսօր այս ոլորտները գրեթե զրոյական վիճակում են, թիմերի ոչ մի ատրիբուտ չունենք վաճառվող։ Հայկական ֆուտբոլային թիմերը չեն մտնում այն մեծ ընտանիքի մեջ, որը կոչվում է եվրոպական, աշխարհի ֆուտբոլ։ Ինչո՞ւ պետք է թիմը չունենա իր երկրպագուների ակումբը։ Սա նվազագույն է, որը ես ասում եմ։ Ավելի մեծ խնդիրներ կան ու դրանց լուծման ճանապարհը բավական խրթին է, բայց դատելով նախաձեռնող խմբի խանդավառությունից՝ նպատակ կա, կատարվում է աշխատանք»,-նշել է նա։
Կարեն Զադոյանն իր խոսքում նշեց, որ հիմնադրամի ստեղծումը դժվարությամբ է իրենց տրվել, սակայն միևնույն ժամանակ, ֆուտբոլը ազգին համախմբող լավագույն սպորտաձևն է դարձել։
«Միայն համատեղ ուժերով հնարավոր կլինի Հայաստանում լուծել խնդիրները։ Ֆուտբոլային կրթությունը շատ լավ բան է, եթե իր նպատակին ծառայի։ Մենք փորձելու ենք կրթության միջոցով ֆուտբոլային կառավարումը զարգացնել, ինչը կարևոր է հայկական ֆուտբոլի զարգացման համար։ Որ կան խնդիրներ տարբեր համակարգերում, այդ թվում՝ ֆուտբոլային տնտեսությունում, դա փաստ է։ Պետք է սկսել դրանք լուծել»,-նշեց նա։
Գերասիմ Բարսեղյանը ներկայացրեց Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոցի նպատակները և ծրագրային գործողությունները, ինչպես նաև ծրագրի շահառուներին։
Բանախոսն իր զեկույցի սկզբում ներկաներին ներկայացրեց կառույցի ստեղծման պատեհությունը, այնուհետև՝ առանցքային ուղղություննրի վրա, որոնք են․
- Ֆուտբոլային կազմակերպիչների և կառավարիչների կարողությունների զարգացումը՝ կարճաժամկետ դասընթացների անցկացման միջոցով,
- Ֆուտբոլային ուսումնասիրությունների և հետազոտությունների շարունակական իրականացումը՝ սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների գործիքների կիրառմամբ,
- Ֆուտբոլի կառավարման հեղինակավոր մասնագետների մատուցմամբ վարպետաց դասերի կազմակերպումը,
- Տարբեր մակարդակներում հայկական ֆուտբոլում ներգրավված մասնակիցների շահերի պաշտպանությունը,
- Ֆուտբոլային կառավարմանը կանանց մասնակցության խրախուսումը,
- Ֆուտբոլի՝ որպես սոցիալականացման ինստիտուտի դերի բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացումը։
Գերասիմ Բարսեղյանը խոսեց նաև դպրոցի արդեն իրականացման փուլում գտնվող և մշակվող ծրագրերի մասին։ Նա ըստ կարևորության և հրատապության, առանձնացրեց հետևյալները․
- Ֆուտբոլում ներգրավված երիտասարդ մասնագետների կառավարման գիտելիքների և հմտությունների զարգացում ծրագիրը, որն արդեն կմեկնարկի հաջորդ ամսվա սկզբին։
- Ֆուտբոլային ֆորմալ կրթություն ապահովող հետբուհական բարձրագույն ուսումնական հաստատության (մագիստրական ծրագիր) հիմնում։ Այս ծրագրի մեկնարկն արդեն իսկ տրված է, որի ավարտական փուլում՝ 2024թ․սեպտեմբերին նախատեսվում է ուսանողների առաջին ընդունելությունը։
- Համակողմանի աջակցություն ֆուտբոլային սթարտափերին։ Ծրագրի առանցքում կլինեն ֆուտբոլային նորարարությունները, գաղափարներն ու ձեռնարկները։
- Ֆուտբոլը՝ անձի սոցիալականացման կարևոր ինստիտուտ։ Այս ծրագիրը պիլոտային է, որն իրականացվելու է ՀՀ համայնքներում։ Թիրախային արդյունքներ ապահովելու պարագայում ծրագրի աշխարհագրությունը կարող է ընդլայնվել։
- Հայկական ֆուտբոլի կարիքների գնահատում և զարգացման ուղենիշների սահմանում։ Այս որակական հետազոտության ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև տարեվերջ։
- Բանախոսը խոսեց նաև այն մասին, որ վերոնշյալ ծրագրերին զուգահեռ մշակվում են բազմաթիվ այլ նախագծեր, որոնք ուղղված են լինելու հայկական ֆուտբոլի զարգացմանը, նրա մեծ ներուժի իրացմանը։
«Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոց» հիմնադրամի գործունեության մեկնարկն ազդարարող շնորհանդեսը կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վասկեն Յակուբյանի և բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Զեմբերջյանի աջակցությամբ: