Տանտիրուհու կիրառած գործողությունների հետևանքով հանցագործությունը կանխվել է

2013 թվականի հուլիսի 25-ին Երևան քաղաքի բնակիչ Գ.Ա.-ն,  օգտվելով մայրաքաղաքի Մանթաշյան փողոցի 4/2 շենքի 32 բնակարանի դուռը բաց լինելու հանգամանքից, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել նշված բնակարան:

Սակայն բնակարանում գտնվող տանտիրուհի Ե.Մ.-ն բռնել է վերջինիս և քաշքշուկի ընթացքում պատռել Գ.Ա.-ի շապիկը և պատճառել քերծվածքներ: Հանցագործություն կատարող անձին բռնելու ընթացքում տուժողի կիրառած ակտիվ գործողությունների արդյունքում Գ.Ա.-ն չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը: 

Ինչպես հաղորդում է ՀՔԾ-ն, նախաքննության ընթացքում Գ.Ա.-ն իրավապահներին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է ոչ թե տանտիրուհու` իրեն բռնելու և վնասազերծելու հետևանքով, այլ վնասվածքները պատճառել են Շենգավիթի բաժնի ոստիկանները` իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելով, բռնությամբ իրենից խոստովանական ցուցմունք կորզելիս:

Գ.Ա.-ի կողմից ոստիկանության աշխատակիցներին ծանր հանցագործության մեջ մեղադրելու և սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել