Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իսկապես մեկնել է Թուրքիա, որտեղ հուլիսի 22-ին նախապատրաստվում է Ուկրաինայից հացահատիկի արտահանման համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:
«Մենք կարող ենք հաստատել, որ պաշտպանության նախարար Շոյգուն գնացել է Թուրքիա: Կարող ենք հաստատել, որ ստորագրումը պատրաստվում է այսօր, բայց եկեք սպասենք, դեռ առաջ չընկնենք»,-ասել է նա:
Կրեմլի խոսնակը հրաժարվել է բացահայտել այդ փաստաթղթի մանրամասները, քանի որ համաձայնագիրը դեռ ստորագրված չէ։
«Եթե այնտեղ ամեն ինչ լավ ընթանա, բացատրություններ կլինեն: Պուտինն ասել է, որ մոտեցող պարենային ճգնաժամի ֆոնին շատ կարևոր է ապաշրջափակել պարարտանյութերի, պարենի և հացահատիկի մատակարարումը համաշխարհային շուկաներ», – հիշեցրել է խոսնակը։