Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար նախատեսված պատիժները մեղմացվել են

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական նոր օրենգրքի 290-րդ հոդվածով սահմանված են hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար նախատեսված պատիժները։

Iravaban.net-ը հայտնում է, որ նշված արարքների համար պատիժը մեղմացվել է։ 290-րդ հոդվածի համաձայն՝

1. Իրավաբանական անձի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ պատասխանատու այլ անձի կողմից հարկերը, տուրքերը կամ այլ վճարները խոշոր չափերով չվճարելու նպատակով օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկը, տուրքը կամ այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթն օրենքով սահմանված կարգով կամ ժամկետներում չներկայացնելը կամ հաշվետվության, հաշվարկի, հայտարարագրի կամ հարկը, տուրքը կամ այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթղթի մեջ խեղաթյուրված տվյալ մտցնելը կամ հարկման օբյեկտը թաքցնելը կամ խաբեության այլ դրսևորումը՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պատասխանատու անձի կատարման համար պարտադիր ցուցումներ տալու, նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող կամ նրա գործունեությունը փաստացի ղեկավարող այլ անձի կողմից՝ պատասխանատու անձի անունից կամ միջոցով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով (նախկինում՝ 5-10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ):

4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (նախկինում՝ 4․000․000-15․000․000 դրամ), իսկ առանձնապես խոշոր չափ՝ 20 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (նախկինում՝ 15․000․000 դրամ):

5. Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ վճարել է չվճարված հարկերը, տուրքերը կամ այլ վճարները և դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել