Չավարտված հանցագործության համար պատիժ նշանակվում է հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն։
Iravaban.net-ը հայտնում է, որ ըստ հոդվածի՝
1. Չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելիս հաշվի են առնվում հանցավորի արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և այն հանգամանքները, որոնց հետևանքով հանցագործությունն ավարտին չի հասցվել:
2. Ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների նախապատրաստության համար ազատազրկում չի նշանակվում:
3. Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստության համար ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետի մեկ երկրորդը, իսկ նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված ազատազրկման նվազագույն ժամկետի մեկ երկրորդից: Եթե նշված կանոնները կիրառելիս ազատազրկման ժամկետը պակաս է ստացվում 3 ամսից, ապա նշանակվում է կանոնները կիրառելու հետևանքով ստացված ժամկետով ազատազրկում:
4. Հանցագործության նախապատրաստության համար ցմահ ազատազրկում չի նշանակվում:
5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված սահմանափակումները չեն կիրառվում հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս: