Դատավորի վարքագիծը պետք է հաստատի հանրության հավատը դատական համակարգի բարեվարքության նկատմամբ․ դատավոր Արծրուն Միրզոյան

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի 3 թեկնածուների ընտրության հարցերը։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 9 անձի, այդ թվում՝ Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի և Արծրուն Միրզոյանի թեկնածությունները։

Նշենք, որ Արծրուն Միրզոյանը 2008 թվականի հունվարի 1-ից վարչական դատարանի դատավոր է։

Իր ելույթում նա ասաց․ «Որպես ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածու, օգտվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի 1-ին մասով տրված հնարավորությունից, ներկայացում եմ ելույթս․

Հայաստանի Հանրապետությունը, միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա, 1990-ական թվականներից սկսած շարունակաբար իրականացրել է անկախ դատական իշխանության և արդարադատության արդյունավետ համակարգի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված քայլեր:

ՀՀ վարչական դատարանը ստեղծվել է 2008 թվականին: Ի սկզբանե վարչական դատավարության կարգով վարչական գործերը քննվում էին ըստ էության երկաստիճան քնության  կարգով: Տարիների ընթացքում, ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշման համաձայն, դատաիրավական բարեփոխումների արդյունքում ստեղծվեց ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը: 

Դեռևս 2018թ. սեպտեմբերին, որպես ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածու, սույն ամբիոնից իմ ելույթով անդրադարձել եմ ՀՀ վճռաբեկ դատարանի կազմում առանձին մասնագիտացված վարչական պալատի ստեղծման կարևորությանը:

ՀՀ–ում կատարված դատաիրավական բարեփոխումների արդյունքում ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման համաձայն՝ վճռաբեկ դատարանում գործում է վարչական պալատը՝ 5 դատավորի կազմով: 

Կարևորելով Վճռաբեկ դատարանի կազմում մասնագիտացված վարչական պալատի ստեղծումը՝ անհրաժեշտ եմ համարում մի քանի խոսքով անդրադառնալ ընդհանրապես վարչական դատարանի, որպես մասնագիտացված դատարանի գործունեությանը:

Մասնագիտացված դատարանի ստեղծման անհրաժեշտությունն ըստ էության առաջանում է հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց իրավունքի ոլորտում փոփոխություններին համապատասխանելու անհրաժեշտությունից ելնելով, և մասնագիտացված դատարանի ստեղծումը չի հանդիսանում միտումնավոր ընտրության արդյունք: 

Հարկ է նկատել նաև, որ նոր օրենսդրական ակտերի մշտական ընդունումը, թե միջազգային, թե եվրոպական, թե ներպետական իրավունքի ոլորտներում, կամ փոփոխվող նախադեպը և տեսությունը իրավագիտությունն ըստ էության դարձնում են չափազանց ընդգրկուն և բարդ: Նման պայմաններում ըստ էության Դատավորի համար դժվար է տիրապետել բոլոր այդ ոլորտներին: Իսկ հասարակությունը և դատավարության կողմերն ավելի ու ավելի մեծ պահանջներ են առաջադրում դատարանների պրոֆեսիոնալիզմի և արդյունավետության առումներով: 

Մասնագիտացված դատարանի գործունեությունը նպաստում է դատավորի մասնագիտացմանը համապատասխան գիտելիքների և փորձառության ամրապնդմանը համապատասխան ոլորտում: Հատկանշական է, որ Իրավական ոլորտի խոր իմացությունը դրական է անդրադառնում դատարանի ակտերի որակի վրա: Իսկ Մասնագիտացված դատարանի դատավորն ըստ էության առավել շատ փորձ է ձեռք բերում կոնկրետ ոլորտում, ինչը նպաստում է դատարանի հեղինակության բարձրացմանը:

Առանձին գործերի քննության վերապահումը մասնագետ դատավորների խմբին ըստ էության խթանում է նաև իրավական որոշակիությունը: 

Մասնավորապես, մշտապես նույն՝ հանրային իրավահարաբերությունների, վարչական դատարանին ընդդատյա գործերի քննության արդյունքում դատարանն ավելի լավ է մեկնաբանում ներկայացված գործերի էությունը և գտնում լուծումներ, որոնք ավելի համապատասխան են այդ բնագավառների համար:

Մասնագիտացումը նպաստում է նաև դատարանի արդյունավետության բարձրացմանը և գործերի կառավարմանը՝ հաշվի առնելով, որ դատարան ներկայացվող գործերի թիվն ըստ էության աճում է:

Մասնագիտացված դատարանի դրական բնութագրիչները շատ են և դրանք կարելի է թվարկել երկար: 

Հաշվի առնելով ժամանակի սղությունը, կցանկանայի նաև մի քանի խոսքով անդրադառնալ Դատական նախադեպին:

Դատական նախադեպի հիմքերը դատական համակարգում ըստ էության դրվեցին 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով:

2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում մի շարք նոր սկզբունքային մոտեցումներ ամրագրվեցին դատական իշխանության անկախության և համակարգային ամբողջականության սահմանադրական երաշխիքների ապահովման հարցերի հետ կապված: 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները ամրագրեցին դատական համակարգում Դատական նախադեպի ինստիտուտի կարևորությունն ու դրա կայացումը: Ավելի քան 20 տարվա գործունեության ընթացքում, Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված բազմաթիվ իրավական դիրքորոշումներ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման հետ կապված, ուղենիշ են հանդիսանում նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության ժամանակ, ինչպես նաև հաճախ դրանք հիմք են հադիսացել օրենսդրական փոփոխությունների կատարման և բացերի լրացման համար:

Կարևորում եմ Վճռաբեկ դատարանի սահմանադրական իրավասությունը՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության, մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների վերացման կարևորագույն գործընթացում: Վճռաբեկ դատարանի այս կարևորագույն իրավասությունները հենց հանդիսանում են նաև նախադեպային իրավունքի զարգացման ապահովման հիմքը:

Հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց Իրավունքի աղբյուրների համակարգում աստիճանաբար իր ուրույն տեղն է գրավում դատական նախադեպը, ինչպես նաև պետության իրավաստեղծ գործունեության ինքնուրույն տեսակի կարգավիճակ է ձեռքբերում դատական նորմաստեղծ (իրավաստեղծ) գործունեությունը՝ հանձինս բարձրագույն դատարանների (սահմանադրական  դատարանի, վճռաբեկ դատարանի): 

Կարծում եմ՝ դատական նախադեպի ինստիտուտը նպաստում է նաև հանրային վստահության բարձրացմանը դատական իշխանության նկատմամբ: Դատական նախադեպը ապահովում է դատական պրակտիկայի արդյունավետությունը, միասնականությունը և կանխատեսելիությունը: Արդյունավետությունն  արտահայտվում է նախկինում համանման գործերի քննության փորձի հիման վրա արագ որոշումների կայացման միջոցով,  Միասնականությունը ենթադրում է համանման գործերի վերաբերյալ միօրինակ մոտեցումների դրսևորումներ` հիմնված դատական նախադեպի վրա, Կանխատեսելիությունը դրսևորվում է երկակի ձևով՝ դատական նախադեպերի իմացությունը թույլ է տալիս, ըստ էության կրճատել դատարաններում գործերի քննությունը (քանի որ պարզ է գործի ճակատագիրը), ինչպես նաև նախկին նախադեպերի հիման վրա ձևավորել տվյալ գործի իրավական հիմքը: 

Վճռաբեկ դատարան ներկայացվող Բողոքների վարույթ ընդունման հարցի վերաբերյալ

Դատական վերանայման խնդիրների համակարգում իր կարևորագույն տեղն է զբաղեցնում իրավունքի զարգացման և միասնական իրավաքաղաքականության ապահովումը: Ընդհանուր իրավունքի երկրներում այս խնդիրների իրականացումը պարտադիր դատական նախադեպեր ստեղծելու ճանապարհով ավանդաբար դատական իշխանության մարմինների (բարձրագույն դատական ատյանների) գործունեության կարևորագույն մասն է կազմել: 

Ընդհանուր իրավունքի երկրներում դատավորները ստեղծում են իրավունք, և դատական նախադեպի ուսմունքը ընդհանուր իրավունքի ավանդույթներին պատկանող՝ ամերիկյան իրավական համակարգի առանձնահատկությունն է: 

Մայրցամաքային իրավունքի երկրների դատական իշխանության բարձրագույն մարմինները օրենքի միատեսակ կիրառությունն ապահովվում է ոչ թե պարտադիր նախադեպեր ստեղծելու, այլ այն հանգամանքի ուժով, որ ստորադաս դատարանները հակված են հետևելու բարձրագույն դատական ատյանների կողմից տրված մեկնաբանություններին` խուսափելու համար ապագայում իրենց կայացրած դատական ակտերի հնարավոր բեկանումից:

Վճռաբեկ դատարանը՝ հանդիսանալով իրավունքի դատարան, կոչված է ապահովելու օրենքների և նորմատիվ այլ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը: 

Իրավունքի զարգացման գործառույթի ապահովումը բնորոշ է ընդհանուր իրավունքի համակարգին, որտեղ հստակ ընդգծված է վերանայող դատական ատյանների վճռորոշ դերը իրավունքի մեկնաբանման և զարգացման գործում: Ամերիկյան մոդելի պայմաններում բարձրագույն դատական ատյանները կոչված են ուղղորդել ստորադաս դատական ատյաններին և հաճախ կանխորոշել իրավունքում անհրաժեշտ փոփոխությունները, խնդիր ունեն համոզվելու, որ ստորադաս դատարանների կողմից իրավունքը մեկնաբանվել ու կիրառվել է ճիշտ և միատեսակ: Այս խնդիրների արդյունավետ իրականացման նպատակով այդ դատական մարմինները կենտրոնացված են սահմանափակ թվով գործերի վրա: Այդ հանգամանքն արդեն իսկ  ենթադրում է դատական վերանայման (վճռաբեկ վերանայման) բողոքը վարույթ ընդունելու հայեցողության լայն շրջանակ: 

Դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը հնարավորություն է տալիս մարդկային, նյութական և այլ ռեսուրսները սահմանափակ թվով գործերի վրա կենտրոնացնելով ստեղծել որակյալ դատական նախադեպեր և ըստ այդմ ապահովել իրավունքի զարգացման գործառույթի արդյունավետ իրականացումը: 

Արդարադատության մատչելիության իրավունքը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ այս իրավունքը բացարձակ բնույթ չի կրում: Այն կարող է որոշակիորեն սահմանափակվել, սակայն պայմանով, որ այդ սահմանափակումները չպետք է լինեն այնպիսի բնույթի, որ հակասեն բուն իրավունքի էությանը: Եվ սահմանափակումը չի համապատասխանի Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և բացակայում է ողջամիտ հավասարակշռությունը կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև: Արդարադատության մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և արդյունավետ: Արդյունավետությունը ենթադրում է, որ անձը պետք է հստակ և իրական հնարավորություն ունենա վիճարկելու ցանկացած միջամտություն իր իրավունքների իրականացմանը: Եվրոպական դատարանն իրավաչափ է համարում բողոքարկման իրավունքի որոշակիորեն սահմանափակումը, մասնավորապես բողոքը վարույթ ընդունելու պայմանների նախատեսումը և պետության կողմից այս հարցում համապատասխան հայեցողություն դրսևորելու հնարավորությունը: Եվրոպական դատարանը նշել է, որ դատական վերանայման բողոք ներկայացնելու համար ժամկետներ և այլ ձևական պահանջներ սահմանող կանոններ նախատեսելը նպատակ ունի ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը և իրավական որոշակիության սկզբունքի երաշխավորումը: Այդուհանդերձ այդ կանոնները չպետք է անձին զրկեն իր իրավունքների պաշտպանության հասանելի միջոցից:

Հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի առանձնահատուկ դերը` համապատասխան ընթացակարգն այստեղ կարող է ավելի ֆորմալ լինել հատկապես այն պարագայում, երբ վճռաբեկ վերանայմանը նախորդում է գործի քննությունն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանում, որոնք իրավասու են անդրադառնալու նաև փաստի հարցերի:

Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար այն պետք է համապատասխանի նաև որոշակի բովանդակային չափանիշների: Դատական իշխանության բարձրագույն մարմնի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման (իրավունքի զարգացման) գործառույթի իրականացումը պահանջում է վերջինիս ծանրաբեռնվածության նվազեցման համապատասխան մեխանիզմների մշակում, այդ թվում` բողոքը վարույթ ընդունելու և ըստ այդմ դատական ակտը վերանայելու հայեցողական լիազորություններ: Սակայն միևնույն ժամանակ այս գործառույթի արդյունավետ իրականցումը չպետք է ապահովվի արդարադատության շահերի հաշվին: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի օրենսդրական կանոնակարգումը պետք  է իրականացվի այն հաշվով, որ բացառվի ընտրողական արդարադատության իրականացումն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է անձի հիմնարար իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալներին:

Ամփոփելով ասվածը, կցանկանայի որոշակի անդրադարձ կատարել նաև դատավորի բարեվարքությունը բնորոշող իմ պատկերացումների մասին:

ՄԱԿ-ի Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները սահմանում են դատավորների վարքագծի չափորոշիչներ։ Վերջիններս նախագծված են դատավորներին ուղղորդելու և նրանց վարքագիծը կարգավորելու համար իրավական շրջանակ ապահովելու նպատակով: Այս սկզբունքները ենթադրում են, որ դատավորները իրենց վարքագծի համար հաշվետու են համապատասխան ինստիտուտների առաջ, որոնք կոչված են ապահովելու դատական իշխանության ստանդարտների կիրառումը։ Հիշյալ սկզբունքներն են՝ անկախությունը, անաչառությունը, բարեվարքությունը, պատշաճությունը, հավասարությունը, արհեստավարժությունն ու պիտանելիությունը։

Համաձայն ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից մշակած Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների մեկնաբանության, բարեվարքության տարրերն են՝ ազնվությունն ու դատական բարոյականությունը։ Ըստ էության, բարեվարքությունը՝ դատական ծառայության պատշաճ իրականացման հիմքերից է։

Դատավորը՝ ոչ միայն պաշտոնական պարտականությունների իրականացման ժամանակ, այլև դրանից դուրս, պետք է գործի է արժանապատիվ և դատական համակարգի ներկայացուցչի կեցվածքին համապատասխան, զերծ մնալ կեղծիքից, խաբեությունից, պահպանի վարքագծի կանոնները։ Որպես այդպիսին, բարեվարքության չափեր ու չափման միավորներ չկան. այն բացարձակ է և ավելի քան անհրաժեշտ է դատավորին: Բարեվարքությունը, ի տարբերություն դատավորի իրավական կարգավիճակի մյուս տարրերի, դժվար է սպառիչ կերպով բացահայտել: Ժամանակի և տարածության մեջ ազնվության ընկալումները տարբերվում են:

Դատավորի վարքագիծը պետք է հաստատի հանրության հավատը դատական համակարգի բարեվարքության նկատմամբ, ուստիև, կարևոր է նշել, որ արդարադատությունը ոչ միայն զուտ իրականացման մասին է, այլև՝ դրա արդյունքների տեսանելիության»։

Արծրուն Միրզոյանի կենսագրությանը ծանոթացեք այստեղ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել