«Մենք չենք ընդունում քաղաքապետարանի հանրային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու հակասոցիալական որոշումը, քանի որ այն խախտում է սահմանադրության այն հոդվածը, ըստ որի ՀՀ-ն սոցիալական պետություն է»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տրասպորտի գնի դեմ պայքարող ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը:
Նրա խոսքերով՝ Երևանի քաղաքապետարանը խախտել է նաև հանրային մասնակցության և բնակիչներին որոշումների կայացմանը մասնակից դարձնելու սկզբունքը: Այս հարցի շուրջ հանրային քննարկումներ չեն արվել և չեն ներգրավվել բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ վարորդները, ուղևորները, խոցելի սոցիալական խմբերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները. «Քանի որ այս որոշումն ընդունվել է առանց շահագրգիռ կողմերի մասնակցության, մենք չենք վստահում ուղեվարձի գնի բարձրացման հաշվարկներին»:
Բողոքի ակցիայի մասնակիցը փաստեց նաև, որ 150 դրամ վճարելու մասին պահանջը հիմնավորված է միայն քաղաքապետի որոշմամբ և չի կարող օրինական համարվել, քանի որ օրենքով սահմանված կարգով չի հրապարակվել և ուժի մեջ չի մտել: «Քաղաքացիներից ոչ ոք իրավունք չունի պահանջել 150 դրամ: Բոլոր այն մարդիկ, որոնք վճարել են 150 դրամ, խաբված են, քանի որ 150 դրամ վճարելը իրավախախտում է»:
Նշված բողոքի ակցիայի մասնակիցները անդրադարձան նաև Free Car բողոքի ակցիային: Նրանք տեղեկացրին նաև, որ այժմ գործում է Freecar.am ինտերնետային կայքը, որտեղ կարող են գրանցվել բոլոր այն վարորդները, ովքեր ցանկանում են մասնակցել ակցիային: Նման վարորդներին տարբերակելու համար կա հատուկ նշան, որը տեղադրված է նշված կայքում: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև հույս հայտնեցին, որ Freecar ակցիան անկախ այն բանից տրանսպորտի գինը կնվազի, թե ոչ, կշարունակվի: