Հայաստանի Հանրապետության 2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության երկրորդ ոլորտը վերաբերում է կոռուպցիայի կանխարգելմանը։ Այս ոլորտին ուղղված գործողությամբ նախատեսված է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործում, ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրում։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցը։
ՀՀ հակակոռուպցիոն 2019-2022 թթ․ ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների որակական ազդեցությունը գնահատելու նպատակով իրականացվել է նաև ընդունված իրավական ակտերի իրավական վերլուծության։
Այս վերլուծությամբ եզրահանգվել է, որ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործմանն ուղղված գործողությունները, թեպետ կատարվել են, սակայն առկա են մի շարք լուրջ խնդիրներ։
Իրավական վերլուծության մեջ նշվում է, որ ըստ ՀՀ ԱՆ-ի կողմից հրապարակված Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-ն որոշմամբ 2021 թվականին կատարման ենթակա միջոցառումների իրականացման մասին հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն)՝ այս գործողության ներքո կատարվել են ներքոթվարկված աշխատանքները։
Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման նոր համակարգի վերաբերյալ Արդարադատության նախարարության հաշվետվությունը
Ներդրվել է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը: Այս ինստիտուտի շրջանակում հայտարարատուի համար պարտականություն է սահմանվել հայտարարագրելու հանգստի համար կատարված ճանապարհածախսը (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախսը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը, գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը, վարկի մարմանն ուղղված վճարումները, անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը, բացի այդ ցանկացած այլ ծախս, եթե դրա միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, կամ հաշվետու ժամանակահատվածում նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Նշված կարգավորումների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն ունի ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի ֆինանսական դրության վերաբերյալ, ինչը կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը։
Այսպիսով, հայտարարատու պաշտոնատար անձինք հետայսու պարտավոր են ներկայացնել ոչ միայն գույքի, շահերի և եկամտի հայտարարագիր, այլև՝ ծախսերի հայտարարագիր։
Հայտարարատու անձի համար սահմանվել է պահանջ հայտարարագրելու այն գույքը, որի իրական շահառու է հանդիսանում տվյալ հայտարարատուն: Նոր կարգավորումների համատեքստում հայտարարագրման ենթակա է նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտի միջոցը և թանկարժեք գույքը։
Նվազեցվել է օրենքով սահմանված հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 միլիոնի փոխարեն սահմանելով 4 միլիոն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արժույթ։
Ներդրվել է մեխանիզմ, որի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, պարտավորությունների նվազում կամ ծախս) կասկածի դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի վերջինից պահանջել ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր։
Ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը։
Այսպիսով, հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնման արդյունքում 2019թ. համեմատությամբ 3 անգամ աճել է հայտարարատու պաշտոնատար անձանց թիվը՝ 3200-ից հասնելով 9000, ընտանիքի անդամների հայտարարագրերը ներառելու դեպքում հայտարարագրերի թիվը կազմել է շուրջ 30000-33000:
Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց գործունեության նկատմամբ իրական հանրային վերահսկողության իրականացման նպատակով ներդրվել են համարժեք թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմներ. մշակվել և կառավարության կողմից հաստատվել է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրի նոր ձևանմուշը, ինչպես նաև հայտարարագրի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը, ինչի արդյունքում զգալիորեն ընդլայնվել է հայտարարագրում ներառված՝ հրապարակվող տվյալների շրջանակը։ 2021 թվականի մայիսի 27-ին վերանայվել է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիրը, փոփոխություններ են կատարվել Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշման մեջ և սահմանվել է գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի նոր ձևանմուշ:
Կոռուպցիայի կանխարգելման նպատակով ներկայումս աշխատանքներ են իրականացվում նաև հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման համակարգի արդյունավետության բարձրացման, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, շահերի բախման իրավիճակների վերաբերյալ կարգավորումների հստակեցման, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործման, նվերների ռեեստրի ստեղծման, ազդարարման համակարգի շարունակական կատարելագործման և ազդարարների պաշտպանության օրենսդրական մեխանիզմների բարելավման ուղղությամբ։
Կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ իրավակիրառ փորձը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 2020-2021 թվականներին հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 99 վարույթ, անհամատեղելիության պահանջների խախտման վերաբերյալ 4 վարույթ, շահերի բախման վերաբերյալ 1 վարույթ, 2021թ.՝ 3 կարգապահական վարույթ:
Հանձնաժողովի կողմից Գլխավոր դատախազություն ներկայացված գործերի առնչությամբ հարկ է նշել, որ 2021 թվականին Հանձնաժողովի կողմից Գլխավոր դատախազություն է ուղարկվել և վերահասցեագրվել թվով 13 գրություն, որից 5-ը քաղաքացիների դիմումներ են:
Անհամատեղելիության պահանջների վերաբերյալ տրամադրված պարզաբանումները հիմնականում վերաբերել են հանրային պաշտոնին զուգահեռ այլ վճարովի աշխատանքների կատարմանը կամ որևէ այլ հանրային կամ համայնքային պաշտոն զբաղեցնելուն: Հարուցվել է անհամատեղելիության 3 վարույթ, որոնցից մեկը մարզպետի, մեկը՝ համայնքի ղեկավարի, և մյուսը դատավորի նկատմամբ։ Դատավորի նկատմամբ անհամատեղելիության պահանջների խախտման եզրակացության հիման վրա դադարեցվել են նրա լիազորությունները։ Նշված վարույթների հիմքում եղել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնին զուգահեռ բիզնես գործունեությամբ զբաղվելու հանգամանքը։
Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման նոր համակարգի արդյունավետության վերլուծություն
Սույն վերլուծությունը անդրադառնում է այն հարցին, թե որքանով է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման նոր համակարգը գործնականում ապահովում հայտարարագրման արդյունավետությունը և թույլ տալիս հասնել սահմանված նպատակներին:
Քրեական գործերի հարուցում հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, և հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու հանցակազմերով
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ եթե հայտարարատուն սահմանված ժամկետում չի տրամադրում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր, կամ դրանք բավարար չեն առկա կասկածները փարատելու համար, ապա Հանձնաժողովը նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն:
Համաձայն ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակված 2021 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկանքի՝
2021թ․ ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1409 նյութ (2020թ․՝ 1810 նյութ), որոնցից 798-ով (2020թ․՝ 1232) հարուցվել են քրեական գործեր, 566-ով (2020 թ․՝ 561) քրեական գործ հարուցելը մերժվել է, որոնցից 519-ը (2020թ.` 516) մերժվել է արդարացման, իսկ 47-ը (2020թ․՝ 45)` ոչ արդարացման հիմքերով։
2021 թ․ ընթացքում հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշներով հարուցվել է 14 քրեական գործ։ Քրեական գործերը հարուցվել են «Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը» (ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդված) և «Հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը» (ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդված) հոդվածներով։ Նշենք, որ հաշվետու տարում այս հոդվածներով հարուցված գործերը կազմում եմ գրեթե նույնքան, որքան հարուցվել է նախորդ 3 տարիներին՝ 2018-2020թթ․ ընթացքում միասին վերցված (15 քրեական գործ)։
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած տեղեկատվության՝ 2021թվականին Հանձնաժողովի կողմից Գլխավոր դատախազություն է ուղարկվել և վերահասցեագրվել թվով 13 գրություն, որից 5-ը քաղաքացիների դիմումներ են։
2021 թվականի ընթացքում վարույթում քննվող 6 քրեական գործով քրեական հետապնդում է հարուցվել հայտարարագրման պարտականություն ունեցող 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ ինչպես պաշտոնատար, այն էլ նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ։ 1 անձի մեղադրանք առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար, իսկ 8 անձի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրման համար։
Համաձայն վերը նշված տեղեկանքի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ապօրինի հարստանալու հանգամանքն ապացուցելու համար վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հիմնավորել, որ անձի ունեցած փաստացի և օրինական եկամուտների, գույքի միջև առկա է էական անհամապատասխանություն, ինչը կարող է արվել հայտարարագրեր դիտավորությամբ չներկայացնելու, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու միջոցով, 2021թ․ դատախազության համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց առնչվող հանցագործության յուրաքանչյուր դեպքով ապահովել, որպեսզի պատշաճ քննության առարկա դարձվեն նրանց կողմից ներկայացված հայտարարագրերը, միջոցներ ձեռնարկվեն նշված սուբյեկտների փաստացի ունեցած գույքի, եկամտի իրական չափը պարզելու ուղղությամբ։ Իսկ հայտարարագրերում թերի կամ կեղծ տվյալների ներկայացման մեջ դիտավորության առկայության հանգամանքը պարզելու նպատակով հանձնարարվել է ապահովել, որպեսզի պարտադիր քննության առարկա դարձվեն չհայտարարագրված անշարժ գույքերի կադաստրային գործերը, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել գույքի համար հարկերի վճարման հաճախականությունը, վճարումներ կատարած անձանց, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել թանկարժեք կամ հայտարարագրման ենթակա այլ շարժական գույքի ձեռքբերման և օտարման փաստաթղթերը հայտնաբերելու և քննության առարկա դարձնելու ուղղությամբ։
Չնայած վերոգրյալին, 2021 թվականի ապօրինի հարստանալու (ՀՀ քրեական օրենսգիրք, 310.1-րդ հոդված) վերաբերյալ նյութ չի նախապատրաստվել (2020թ.` 5 նյութ, որոնցից 3-ով հարուցվել է քրեական գործ, 2-ով՝ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ արդարացման հիմքով)։ Հաշվետու ժամանակահատվածում նշված հանցագործության վերաբերյալ վարույթում քննվել է 4 քրեական գործ (2020թ․՝ 6), որոնք չեն ավարտվել (2020թ․՝ 1): Քննված քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 10 անձ (2020թ․՝ 6), որոնց մեղադրանք է առաջադրվել (2020թ․՝ 6)։ 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով (2020թ․՝ 2), իսկ 4-ի՝ (2020թ.՝ 4) վերաբերյալ գործերով նախաքննությունը փոխանցվել է 2022թ․։
Համեմատության համար պետք է նշել, որ հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնման արդյունքում հայտարարատու պաշտոնատար անձանց թիվը 2021 թվականին կազմել է շուրջ 9000, ընտանիքի անդամների հայտարարագրերը ներառելու դեպքում հայտարարագրերի թիվը կազմել է շուրջ 30000-33000: Սրան զուգահեռ, նույն թվականին դատախազության կողմից հարուցվել է համապատասխան հոդվածներով հարուցվել է ընդամենը 14 քրեական գործ:
Վարչական վարույթների հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ
2021 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից հարուցվել են հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ 42 վարույթներ։ Հարուցված վարույթներից 30-ը հարուցվել են հայտարարատուի կողմից հայտարարագրերը օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու, 10-ը՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, իսկ 2-ը՝ հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ ներկայացնելու խախտումների կապակցությամբ։
2021 թվականի ընթացքում Հանձնաժողովը քննել և լուծել է (վարույթը եզրափակել է որոշմամբ) հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ 26 գործի վարույթներ, իսկ թվով 16 գործի վարույթները եզրափակվել են հաշվետու տարվան հաջորդող ամիսների ընթացքում։
2021 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից ընդունված թվով 2 որոշումներով հայտարարատու անձանց նկատմամբ կիրառվել է նախազգուշացում վարչական տույժը, իսկ 8-ի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք՝ 200.000-ական ՀՀ դրամի չափով, որոնցից 2-ի դեպքում հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու, իսկ 6-ը հայտարարագրերը չներկայացնելու իրավախախտումները կատարելու համար։ Տվյալ տարվա ընթացքում եզրափակված վարչական իրավախախտումների վերաբերալ գործերի վարույթների արդյունքում Հանձնաժողովը կայացրել է թվով 16 որոշում գործի վարույթը կարճելու վերաբերյալ, որոնցից 8-ը հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, ևս 8-ը հայտարարագրերը չներկայացնելու խախտումների կապակցությամբ։ Մասնավորապես, հայտարարագրերը չներկայացնելու խախտումների կապակցությամբ իրականացված վարույթների արդյունքում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը կարճվել են՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից գործի քննության ընթացքում ներկայացվել են այն հայտարարագրերը, որոնց կապակցությամբ հարուցվել էին վարույթները։
Համեմատության համար պետք է նշել, որ հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնման արդյունքում հայտարարատու պաշտոնատար անձանց թիվը 2021 թվականին կազմել է շուրջ 9000, ընտանիքի անդամների հայտարարագրերը ներառելու դեպքում հայտարարագրերի թիվը կազմել է շուրջ 30000-33000: Սրան զուգահեռ, նույն թվականին Հանձնաժողովի կողմից հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ համապատասխան հոդվածներով հարուցվել է ընդամենը 42 վարույթ, որից 26-ի վերաբերյալ է 2021 թվականին Հանձնաժողովը կայացրել վերջնական որոշում։ Այս 26 վարչական վարույթի քննության արդյունքներով թվով 2 որոշումներով հայտարարատու անձանց նկատմամբ կիրառվել է նախազգուշացում, իսկ 8-ի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք՝ 200.000-ական ՀՀ դրամի չափով։ Մնացած 16 վարչական վարույթի գործերով Հանձնաժողովը կայացրել է թվով 16 որոշում գործի վարույթը կարճելու վերաբերյալ։ Փաստացի ստացվում է, որ հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ 2021 թվականին վարչական պատասխանատվության է ենթարկվել ընդամենը 10 հայտարարատու անձ։
Կարգապահական վարույթներ
Հանձնաժողովը հանդիսանում է կարգապահապան վարույթ հարուցող մարմին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման հիմքով, այն է՝ օրենքով սահմանված կարգով գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր չներկայացնելու և օրենքով նախատեսված դեպքերում և կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին պատշաճ նյութեր կամ պարզաբանումներ չներկայացնելու դեպքում, իսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծում է Բարձրագույն դատական խորհուրդը:
2021 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթներ են հարուցվել Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամների նկատմամբ, որոնցից երկուսի դեպքում հայտարարագրերի լրացման կարգի խախտման կապակցությամբ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու հիմքով, մյուս դեպքում՝ Հանձնաժողովին հայտարարատու պաշտոնատար անձի գույքի փոփոխություն հաստատող պատշաճ նյութեր կամ պարզաբանումներ չներկայացնելու հիմքով։ Հիշյալ գործերով Հանձնաժողովը ԲԴԽ անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ-ին։
Միջնորդությունների քննության արդյունքում ԲԴԽ-ը իր որոշումներով երկու գործով կարճել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը, մեկի դեպքում միջնորդությունը մերժել է։
Ծախսերի հայտարարագիր
2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-51-Ն ՀՀ օրենքը։ Օրենքի 7-րդ հոդվածի ուժով «Հանրային ծառայության մասին» օրենքը լրացվել է 40.1 հոդվածով, որը վերաբերում է ծախսերի հայտարարագրին և դրա բովանդակությունը։
ՀՕ-51-Ն ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք տարեկան հայտարարագրում ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն առաջին անգամ ներկայացնում են 2021 թվականի տարեկան հայտարարագրում՝ 2022 թվականի հունվարի 1-ից: 2021 թվականի հունիսի 1-ից հետո պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձինք պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրում ներկայացնում են նաև ծախսերի վերաբերյալ տեղեկություններ:
Այսպիսով, նկատի ունենալով անցումային դրույթներով ծախսերի հայտարարագրման ինստիտուտի ներդրման համար նախատեսված ժամկետները, այս ինստիտուտի արդյունավետության վերաբերյալ վերլուծությունը հնարավոր կլինի իրականացնել Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի 2022 թվականի կատարողականի գնահատման արդյունքում։
Եզրակացություն
Ըստ էության պետք է ասել, որ կատարված օրենսդրական փոփոխությունները և համապատասխան հանցակազմերով ու հայտարարագրման առնչվող խախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործերի, վարչական և կարգապահական վարույթների և դրանց վերջնարդյունքների հարաբերակցությունը փաստում է այն մասին, որ այս ոլորտում դեռևս առկա են լուրջ խնդիրներ, և դրանց լուծմանը հնարավոր չէ հասնել միայն օրենսդրական փոփոխությունների արդյունքում։ Կատարված հետազոտությունները թույլ են տալիս առանձնացնել այս իրողությանը նպաստող մի քանի պատճառներ, որոնցից են՝
- Մարդկային ռեսուրսների պակաս՝ երկու ասպեկտով․
- քանակական, երբ ռեսուրսները սակավաթիվ են,
- որակական, որը ենթադրում է հայտարարագրերի ստուգում և վերլուծություն իրականացնող մասնագետների կարողությունների թույլ մակարդակ։ Հիշյալը հավասարապես վերաբերում է մասնագիտական վերլուծություն և էլեկտրոնային հայտարարագրերի համակարգի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմին։
- Հայտարարագրերի վերլուծության իրականացում՝ պահանջվող տվյալները մեխանիկական եղանակով կիսաավտոմատացված ծրագրեր մուտքագրելու միջոցով։ Հայտարարագրերի ստուգում և վերլուծություն կատարելու համար չկան անհրաժեշտ էլեկտրոնային գործիքներ, որը հնարավորինս կկրճատի մեխանիկական աշխատանքը։ Գործող էլեկտրոնային համակարգում առանձնացված հիմնախնդիրների թվում են՝
- տարբեր տվյալների էլեկտրոնային շտեմարանների միջոցով փոխգործելիության հարթակների բացակայություն,
- հայտարարագրերի էլեկտրոնային համակարգը բացի տվյալների որակական հայտարարագրումից, չունի բարդ վերլուծական և հաշվետվողական հնարավորություններ, կապված չէ Կառավարության փոխգործելիության հարթակի հետ տարբեր մարմիններից ստացված տեղեկատվության ինքնաշխատ ներմուծման և համադրման նպատակով,
- հայտարարագրման և վերլուծության գործընթացը ամբողջովին ավտոմատացված չէ, ինչով պայմանավորված թույլ են տրվում մեխանիկական և այլ սխալներ,
- էլեկտրոնային համակարգը բավականին խրթին է հայտարարատուների կողմից լրացնելու համար, այս խնդիրը առավել ակնհայտ է քաղաքային և գյուղական համայնքներում,
- գործող Էլեկտրոնային համակարգը հնարավորություն չի տալիս արհեստական բանականության և հատուկ ալգորիթմների միջոցով մշակել և ունենալ կոնկրետ պայմանների և չափանիշների վրա հիմնված ավտոմատացված հաշվետվություններ, որը կապահովեր առավելագույն թափանցիկություն և հաշվետվողականություն, քանի որ իրական ռեժիմով առկա հրապարակման ենթակա տվյալները ներբեռնելու, դրանց հիման վրա վերլուծություն իրականացնելու հնարավորություն առկա չէ, չեն կիրառվում վերահսկողության և վերլուծության արդյունավետ կառավարման գործիքներ։
Անշուշտ, խնդիրները այսքանով չեն սահմանափակվում։ Հետևապես, միայն օրենսդրական ակտերի ընդունման հնարավոր չէ հասնել կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին, այդ թվում՝ կանխարգելմանն ու հետևանքների վերացմանը։ Այն պահանջում է համալիր խնդիրների քարտեզագրում և լուծում՝ սկսած անխոցելի իրավական ակտերի ընդունումից և վերջացած դրանց կիրառման համար նպաստավոր պայմանների և գործիքների ներդրմամբ՝ ապահովելով այս գործընթացներում հանրության մասնակցայնության բարձր մակարդակ։
—————
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։