Այնտեղ, բացի ավերակներից ոչինչ չկա․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքապետերի 90-րդ ամենամյա համաժողովին, որում մասնավորապես ասվում է․

«Միացյալ Նահանգները դարձել է Ուկրաինայի միջազգային աջակցության իսկական առաջատարը։ Սա պաշտպանական աջակցություն է՝ և՛ ֆինանսական, և՛ քաղաքական։ Եվ դա հիմնված է ազատությունը հավասարապես գնահատող բոլոր ժողովուրդների անկեղծ կապի վրա։ Մենք՝ ուկրաինացիներս, և ամերիկացիներս, հասկանում ենք բռնակալության վտանգները։

Աշխարհը տեսել է տարբեր բռնակալություններ։ Տարբեր ժամանակներում, տարբեր դրոշների տակ, և բոլորին միավորում է այն, որ նրանք արհամարհում են հասարակ մարդկանց իրավունքներն ու ազատությունները։ Եվ սրան վերջ տալու համար բռնակալներին չպետք է թույլ տալ կապեր վայելել ազատ աշխարհի հետ: Ցանկացած կապեր:

Դուք գիտեք, որ տասնյակ ամերիկյան քաղաքներ պահպանում են այսպես կոչված քույրականացումը Ռուսաստանի Դաշնության քաղաքների հետ։ Չիկագո և Մոսկվա, Ջեքսոնվիլ և Մուրմանսկ, Սան Դիեգո – Վլադիվոստոկ, Ալբանի և Տուլա։ Ի՞նչ են տալիս ձեզ այս կապերը: Երևի ոչինչ։ Բայց նրանք թույլ են տալիս Ռուսաստանին ասել, որ ինքը մեկուսացված չէ նույնիսկ նման պատերազմի սկսվելուց հետո։

Ձեզանից յուրաքանչյուրը տեսնում է, թե ինչպես է ռուսական բանակը պատերազմում և ինչ է անում Ուկրաինայի խաղաղ քաղաքների հետ։ Նրա դաժանությունը ոչնչով չի տարբերվում ավելի վաղ ժամանակների բռնակալություններից։

Մարիուպոլը նավահանգստային քաղաք էր, արդյունաբերական կենտրոն։ Կես միլիոն մարդ։ Ռուսաստանը պարզապես ոչնչացրեց այն։ Այնտեղ բացի ավերակներից ոչինչ չկա։

Պատկերացրեք՝ փետրվարի 24-ից ի վեր Ռուսաստանը գրեթե 2500 տարբեր հրթիռներ է կիրառել Ուկրաինայի դեմ։ Նրանց ճնշող մեծամասնությունը քաղաքներում է։ Քաղաքային ենթակառուցվածքների վրա, իսկ ռուսական ամենամահաբեր հրթիռներից մի քանիսը մշակվել և արտադրվել են Եկատերինբուրգում: Որն, ի դեպ, դեռևս Սան Խոսեի քույր քաղաքն է։

Վստահ եմ՝ ձեզնից շատերը տեսել և լսել են, թե ինչ արեցին ռուս զինվորները մեր Բուչա քաղաքում։ Զանգվածային սպանություններ, մարդկանց խոշտանգումներ։ Սպանված տեղացիների մարմինները ընկած են փողոցներում։

Այդ ռուսական բրիգադներից մեկը, որն այս ամենն արեց Բուչայում մեր ժողովրդի դեմ, Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի բրիգադն էր։ Իսկ այս շրջանի մայրաքաղաքը՝ Խաբարովսկ քաղաքը, դեռևս Պորտլենդի քույր քաղաքն է։ Ինչո՞ւ։ Ես թողնում եմ ձեզ այս հարցը։

Այժմ Բուչայում և Բուչա համայնքում բնականոն կյանքը վերականգնելու համար անհրաժեշտ է վերակառուցել գրեթե 2000 շենք: Դուք բոլորից լավ հասկանում եք, թե դա ինչ է նշանակում ցանկացած քաղաքի համար, երբ 2000 տուն ավերվում կամ վնասվում է հրթիռներից ու ռազմական գործողություններից։ Դրանք սովորական տներ են, սովորական դպրոցներ, սպորտային օբյեկտներ, բուժհաստատություններ։

Ընդհանուր առմամբ փետրվարի 24-ին Ուկրաինայի 3620 բնակավայր անցել է ռուսական օկուպացիայի տակ։ Սրանք և՛ մեծ քաղաքներ են, և՛ փոքր քաղաքներ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի ավերածություններ։ Նրանցից շատերը պարզապես հարմար չեն քաղաքակիրթ կյանքի համար։ Սա այն իրականությունն է, որ բերել է Ռուսաստանը։ Երբ քաղաքներում կապ չկա, լույս չկա, ջուր չկա։ Երբ ռումբերն ու հրթիռները կարող են ոչնչացնել ցանկացած շենք՝ նույնիսկ մանկապարտեզ կամ համալսարան:

Բայց ես հավատում եմ, որ Ուկրաինան կկարողանա պաշտպանել ազատությունը, իսկ բռնապետությունը անպայման կպարտվի։ Մարդիկ կրկին կկարողանան խաղաղ և ապահով ապրել Ուկրաինայի քաղաքներում և դա ավելի արագ իրականացնելու համար մենք նախատեսել ենք հավակնոտ նախագիծ՝ այս պատերազմից հետո Ուկրաինան վերականգնելու համար։

Հրավիրում եմ ձեզ՝ ձեր քաղաքներին, ընկերություններին, բիզնեսին և մասնագետներին՝ մասնակցելու այս նախագծին: Դուք կարող եք նաև դառնալ հենց այն մարդիկ, ովքեր ընտրում են պաշտպանել ազատությունը և վերջ դնել բռնակալության պատմությանը:

Միացյալ Նահանգների ղեկավարության և մեր բոլոր գործընկերների աջակցության շնորհիվ ուկրաինական խիզախությունը ձեռք է բերում անհրաժեշտ զենքերը ազատության համար պայքարելու համար։ Բայց ազատ աշխարհի տնտեսական առավելությունը նույնպես պետք է ցուցադրվի։

ԱՄՆ-ի քաղաքապետերի ամենամյա համաժողովի մեկնարկն այս տարի համընկավ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի 100-րդ օրվա հետ։ Ձեր օրակարգում շատ հարցեր կան, որոնք վերաբերում են ձեր երկրի ներքին կյանքին, ձեր քաղաքներին ու համայնքներին: Բայց հիշեք. Եվրոպայում լայնածավալ պատերազմը և Ռուսաստանի կողմից առաջացած համաշխարհային շուկաների ապակայունացումը ուղղակիորեն ազդում են յուրաքանչյուր ազգի և ազատ աշխարհի բոլոր քաղաքների կյանքի վրա:

Ուստի կոչ արեք էլ ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Մի օգնեք նրան արդարացնել իրեն: Մի պահեք նրա հետ կապը: Եվ խնդրում եմ, թույլ մի տվեք, որ մարդասպան դարձածները ձեզ իրենց եղբայր անվանեն։

Մասնակցեք մեր քաղաքների, օկուպանտներից ազատագրված մեր համայնքների վերակառուցմանը»,-նշել է Զելենսկին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել