ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի Հանրապետության միջազգային անվանումը փոխելու Անկարայի դիմումը

ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի դիմումը, որով Անկարան խնդրել է փոխել հանրապետության միջազգային անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում:

Այսուհետ «Republic of Turkey»-ի (Թուրքիայի Հանրապետություն) փոխարեն միջազգային փաստաթղթերում կգործածվի «Republic of Türkiye» տարբերակը: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Նա տեղեկացրել է նաև, որ փոփոխությունն ուժի մեջ է մտել Թուրքիայի իշխանությունների դիմումը ՄԱԿ մուտքագրվելուց անմիջապես հետո։Երկրի անվան կարճ տարբերակն այժմ Turkey-ի փոխարեն կդառնա Türkiye: Նախատեսվում է, որ «Türkiye» անվանումը կկիրառվի բոլոր պաշտոնական և միջազգային փաստաթղթերում, ինչպես նաև պաշտոնական նամակագրության մեջ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ Twitter-ում արած գրառման մեջ նշել է, որ Թուրքիայի անվան փոփոխությունն ընդունվել է որպես Անկարայի քայլերի մի մաս, որոնք ուղղված են միջազգային ասպարեզում երկրի բրենդի վարկանիշի բարձրացմանը։

Նշենք, որ այս գործընթացը սկսելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել դեռևս ամիսներ առաջ, ավելի վաղ էլ թուրքական ապրանքների վրայի «Made in Turkey» տարբերանշանը փոխարինվել էր «Made in Türkiye»-ով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել