Անցումային արդարադատությունը նպատակն է ապահովել հաշվետվողականությունը, ծառայել արդարությանը և հանգեցնել հաշտության․ ռազմավարություն

Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումը նախատեսված է Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ։

«1991 թվականի սեպտեմբերից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված երկրում համակարգային և քաղաքական կոռուպցիայի երևույթների կայուն առկայությամբ: Այս հանգամանքն ընդգծվել է մի շարք միջազգային զեկույցներում:

2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հետևանք էր այս երևույթների արդյունքում հասարակության մեջ կուտակված անարդարության զգացման, և ժողովրդի մի ստվար զանգված, այլևս այլ ելք չտեսնելով, բողոքի իր ձայնը բարձրացրեց, որպեսզի հետագայում ունենա այնպիսի Հայաստան, որտեղ մարդու իրավունքները և ազատությունները հիմնարար արժեք են, մարդը իրեն պաշտպանված, ամուր և ուժեղ է զգում»,-ասված է ռազմավարության մեջ:

Նշվում է նաև, որ այս պայմաններում կա երկու ճանապարհ. մոռանալ անցյալը և շարժվել առաջ կամ վերլուծել անցյալը, հավաքել տեղեկություններ իրավունքների խախտման վերաբերյալ, առավելագույնս փորձել վերականգնել տուժողների իրավունքները, գնահատական տալ անցյալին և կատարել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որպեսզի բացառվի հետագայում որևէ իրավիճակում նման երևույթների կրկնությունը:

Որպես իրապես ազատ և արդար գնահատված՝ ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններից հետո Հայաստանում առկա իրավիճակը ցույց տվեց, որ 2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո Հայաստանը նորից գտնվում է անցումային շրջանում, սակայն եթե ԽՍՀՄ փլուզումից հետո երկիրը գտնվում էր տոտալիտար վարչակարգից ժողովրդավարական վարչակարգի անցման փուլում, ապա այս փուլում կանգնած է իմիտացիոն կամ «կեղծ» ժողովրդավարական վարչակարգից իրական ժողովրդավարության անցնելու շեմին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել