Ռուսաստանի Դաշնությունում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքեր չեն գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի բնակիչների մի մասը իմունիտետ ունի կապիկի ծաղիկի դեմ՝ շնորհիվ ծաղկի դեմ 1980 թվականից ի վեր իրականացվող պատվաստումների:
Մուրաշկոն տեղեկացրել է, որ ՌԴ բուժհաստատություններում կա անհրաժեշտ դեղորայք կապիկի ծաղիկի բուժման նպատակով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ հաստատվել է կապիկի ծաղիկով վարակվելու շուրջ 80 դեպք:Կազմակերպությունից հստակեցրել են, որ կապիկի ծաղիկը տարածվում է սերտ շփման ժամանակ, այդ իսկ պատճառով մեծ ռիսկի են ենթարկվում մարդիկ, ովքեր վարակվածների հետ սերտ շփման մեջ են եղել: Մասնավորապես, խոսքը առողջապահական ոլորտի աշխատակիցների, ընտանիքի անդամների մասին է:
Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ: