Օրեր առաջ ՀՀ զինվորական դատախազությունը զինված ուժերում մահվան ելքով գործերն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ ստեղծելու կապակցությամբ տարածել էր հայտարարություն և մասնակցության հրավեր էր հղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին:
Պաշտպանը դեռևս 2011 թվականին Ազգային ժողովին առաջարկել էր ստեղծել Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ` նկատի ունենալով Ազգային ժողովի քաղաքական կշիռն ու չեզոքությունը նման բարդ խնդիրների լուծման պարագայում: Այն ժամանակ աշխատանքային խմբի մեջ ընդգրկվել էին Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Արամ Սաֆարյանը, Հրայր Կարապետյանը և Լարիսա Ալավերդյանը, իսկ հետագայում նաև ապահովվել էր Զինվորական դատախազության ներգրավվածությունը: Ցավոք, Ազգային ժողովի համապատասխան հանձնախմբի կողմից նախաձեռնությունը թողնվել էր անավարտ:
Այժմ Զինվորական դատախազությունը նախատեսում է աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության առարկա դարձնել այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում է կայացվել 2011 թվականի հունվարի 1-ից հետո: Մինչդեռ, այսօր առկա են բազմաթիվ բողոքներ դեռևս 2001 թվականին տեղի ունեցած մահվան դեպքերի քննության վերաբերյալ: Այդ դեպքերի քննությունն ընթացել է էական բացթողումներով, իսկ քննության արդյունքների նկատմամբ զոհերի հարազատների և հանրության վստահությունը խիստ անբավարար է: Պաշտպանը համոզված է, որ միայն նախկին (նույնիսկ տասնամյա հնության) գործերի լրիվ և օբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարադատության վերականգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունը և վաղվա բռնությունների ու սպանությունների կանխարգելումը:
Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերի ուսումնասիրության կապակցությամբ աշխատանքային խումբ ստեղծելու Զինվորական դատախազության նախաձեռնությունն ինքնին դրական է: Այդուհանդերձ, Պաշտպանը պատրաստ է իր ներկայացուցչին ներգրավել աշխատանքային խմբում, եթե.
1. աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրման ենթակա դառնան այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում է կայացվել 2001 թվականի հունվարի 1-ից հետո,
2. աշխատանքային խմբի գործունեության ձևաչափը և աշխատակարգը որոշվի հենց խմբի կողմից,
3. հստակեցվի, թե ինչ իրավական հետևանք են ունենալու աշխատանքային խմբի կայացված որոշումները և ինչ չափով են հաշվի առնվելու հասարակական կազմակերպությունների փորձագետների կողմից կատարված առաջարկությունները
Իրավաբան.net