Ռուսաստանը վճռական է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն աջակցելու հարցում: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով խաղաղության հնարավոր պայմանագրի վերաբերյալ հարցին, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերություններ հաստատելու համար Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքները և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը նպատակ ունեն հիմք ծառայել ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար: Ռուսաստանը հաստատակամ է աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ընդգծել է նա։
Դիվանագետի խոսքով՝ այս թեման ապրիլի 9-ին, քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներում, ինչպես նաև նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Մոսկվայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Հետևողական քայլեր են պահանջվում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար, քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը որպես համանախագահներ: Այդ կապակցությամբ, գերագույն դեսպան Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր պաշտոնում, այն է՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով։ Նա կկենտրոնանա վերը նշված խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա», – ասել է դիվանագետը: