Իլհամ Ալիևը հայտարարել է Փառուխ լեռը գրավելու կարևորությունը

Այսօր Ֆարուխ (Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ-խմբ․) լեռը մեր վերահսկողության տակ է, այնտեղ ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Այս մասին ապրիլի 12-ին այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Դա մեծ վտանգի աղբյուր էր։ Այնտեղից և այլ գյուղերից մի քանի անգամ կրակ է բացվել Աղդամի ուղղությամբ։ Ֆարուխ լեռը, իմ կարծիքով, հիմա հայտնի է ամբողջ աշխարհում, իսկ Ադրբեջանի մեծ լեռը՝ Ֆարուխ լեռը, այժմ մեր վերահսկողության տակ է, այնտեղ ադրբեջանական դրոշն է ծածանվում։ Խաչինչայի անվտանգության և այդ ջրի օգտագործման համար մեծ նշանակություն ունի Ֆարուխ լեռը։

Այնուհետև նախատեսվում է վերանորոգել Աշագի Կոնդելենչայ, Կոնդելենչայ-1 և Կոնդելենչայ-2 ջրամբարները։ Նախատեսվում է վերակառուցել Տերտերչայի ձախափնյա ջրանցքը, Աղդամի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջանների ջրային կառավարման համալիրը՝ ներառյալ ջրի աղբյուրների նույնականացումը։ Որովհետև խորհրդային ժամանակաշրջանի ջրաղբյուրները, չգիտես ինչու, կարող են հարմար չլինել»,- ասել է Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 14 վիրավոր։

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 3 զոհ` ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):

Մարտի 27-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ բանակցություններից հետո Ադրբեջանը դուրս է բերել իր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքից․ «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում, փոխհրաձգության հետևանքով յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի»։

Նույն օրը ադրբեջանական կողմը հայտարարություն տարածեց ու հայտարարեց, որ նշված դիրքերից ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դուրսբերման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավում է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 27-ի հայտարարության մեջ արտացոլված կետերը չեն համապատասխանում իրականությանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել