Բանակցություններից հետո Ադրբեջանը ստորաբաժանումները դուրս է բերել Փառուխից․ ՌԴ ՊՆ

Բանակցություններից հետո Ադրբեջանը դուրս է բերել իր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքից։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

«Բանակցությունների արդյունքների հիման վրա ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի շրջանից»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղում արձանագրել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք, յուրաքանչյուր կողմից վիրավորվել է 2 մարդ, ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում․

«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում, փոխհրաձգության հետևանքով յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի»։

Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 14 վիրավոր։

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 3 զոհ` ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել