Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է ինչպես քրեական ենթամշակույթի վերացում, այնպես էլ այլընտրանքային պատժի համակարգի ներդնում։ Ռազմավարությամբ նախատեսվում է նաև քրեական դատավարության օրենսդրության բարեփոխումների իրականացում և անչափահասների և խոցելի անձանց մասնակցությամբ վարույթների կատարելագործում։
Թեմայի վերաբերյալ Իրավաբան․net-ը խոսել է Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, իրավաբան Հարութ Ակլունցի հետ։
-Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ուղղություններից մեկը քրեական ենթամշակույթի վերացումն էր, ինչի շրջանակներում էլ 2020թ․-ի փետրվարի 22-ին ուժի մեջ մտավ քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքը։ Ինչպե՞ս եք գնահատում այս 2 տարիների ընթացքում այս ուղղությամբ կատարված աշխատանքը, օրենսդրական բացեր կա՞ն օրենքում։
-Նախ, ի սկզբանե պետք է նկատենք, որ դեռևս օրենքի ընդունման ժամանակ մասնագիտական շրջանակներում բավականին օբեկտիվ մտահոգություններ էին շրջանառվում դրա կարգավորումների որոշակիության հետ կապված: Չնայած մտահոգություններին՝ այդուհանդերձ օրենքն առանց վերանայման ընդունվեց, որը որպես հետևանք գործնականում իրավակիրառողների մոտ առաջացնում է մեկնաբանման տարակարծություններ: Սա ևս մեկ անգամ ընդգծում է ոլորտին առնչվող անձանց կարծիքը հաշվի առնելու կարևորությունը իրավաստեղծ գործունեության շրջանակներում:
-Այլընտրանքային պատժի համակարգերը կիրառելիության ի՞նչ տարածվածություն ունեն Հայաստանում։ Դրանց տեսակների ավելացման խնդիր կա՞։
-Արդար լինելու համար պետք է արձանագրենք, որ ի տարբերություն ավելի վաղ ժամանակների՝ ներկայում պատժի այլընտրանքային միջոցները լայնորեն կիրառվում են: Հատկանշական է, որ դատարանները ներկայում հակված են դրանց կիրառմանը. այսինքն՝ առավել խիստ միջոցները հիմնականում կիրառվում են միայն այն դեպքում, երբ դատարանը բացառում է առավել մեղմ միջոցի կիրառման հնարավորությունը:
Նման զարգացումը իհարկե ողջունելի է, և իրավաբանական հանրությունն ակնկալում է համակարգի հետագա զարգացում, որը նախատեսված է նոր քրեական օրենսգրքով: Դրանով, նաև ընդլայնվում են առկա հնարավորությունները, ուստի պարզապես մնում է ապավինել պատշաճ կիրարկմանը:
-ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն ընդունվել է 2021թ․-ի հունիսի 30-ին և ուժի մեջ կմտնի այս տարի, հուլիսի 1-ին։ Այս շրջանակներում ներդրվել են համաձայնեցման (plea bargaining) և համագործակցության վարույթները։ Ինչ եք կարծում, որքանո՞վ դրանք կարող են ՀՀ-ում։
*Այն դեպքերում, երբ դատավարության կողմերը համաձայնության են գալիս մեղադրյալի մեղավորության հարցում, որոշ կատեգորիաների հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների մանրակրկիտ հետազոտության վրա ռեսուրսներ ծախսելն արդարացված չէ: Այդ դեպքերում դատարանը պետք է պարզապես հաստատի կողմերի միջև կնքված համաձայնության մասին արձանագրությունը: Սա բխում է նաև մրցակցության սկզբունքի լիարժեք իրագործման տրամաբանությունից:
-Համաձայնեցման վարույթը, ըստ էության, եկավ փոխարինելու դատական քննության արագացված կարգին, որն ինչպես մինչ օրենսդրական փոփոխությունների ընդունումը, այնպես էլ ներկայում լայնորեն կիրառվում է: Սա խնայողական արդարադատության ընդունելի ձևերից է, որով հաջողված կերպով հավասարակշռվում է հանրային և մասնավոր շահը, հանրային շահի առումով՝ այն կոչված է բեռնաթափելու դատական համակարգը, իսկ ամբաստանյալի համար իր նկատմամբ նշանակվելիք պատիժը դառնում է կանխատեսելի: Գործնական խնդիրը, որը կապված է այս ինստիտուտի կիրառման հետ դատախազների կողմից երբեմն դրսևորվող խիստ պատժողական քաղաքականությունն է, որի պատճառով պատժի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվում:
Ինչ վերաբերում է համագործակցության վարույթին, ապա ինչքանով տեղեկացված եմ` այն դեռևս լայն կիրառություն չի գտնում: Դրա պատճառներից կարող է լինել, օրինակ, այն, որ գործող կարգավորման համաձայն՝ մեղադրյալը պետք է նման նախաձեռնությամբ հանդես գա: Մինչդեռ այդ դեպքում մեղադրյալը բնականորեն կարող է ունենալ մտավախություններ, քանի որ չի կարող կանխատեսել, թե իրեն հայտնի տեղեկություններն ինչքանով հետաքրքրիր կլինեն քրեական հետապնդման մարմիններին, իր նախաձեռնությունն ինչպիսի արձագանք կստանա և ի վերջո, ինչպես կազդի գործի վերջնական ելքի վրա՝ իր մասով: Այսպիսի պայմաններում առկա է ողջամիտ հավանականություն, որ տվյալ անձն արդյունքում պարզապես կխուսափի հանդես գալ համագործակցելու միջնորդությամբ:
-Անչափահասների և խոցելի անձանց մասնակցությամբ վարույթների հետ կապված ի՞նչ խնդիրներ կան դատարաններում։ Ռազմավարությամբ նախատեսվում է նշված անձանց մասնակցությամբ վարույթների կատարելագործում։ Օրենսդրությունը ի՞նչ թերի կողմեր ունի այս ոլորտում։
-Չնայած անչափահասների հետ կապված վարութային որոշ առանձնահատկություններ սահմանված են գործող օրենսդրությամբ՝ այդուհանդերձ չենք կարող խոսել անչափահասներին լիովին հարմարեցված արդարադատության համակարգի առկայության մասին: Ինչ վերաբերում է զարգացումներին, ապա դրանք դրական միտում ունեն: Օրինակ, նոր քրեական դատավարության օրենսգրքում անչափահասների հարցաքննության հատուկ կառուցակարգեր են նախատեսված, մասնավորապես՝ անչափահասներին տրվելիք հարցերի նախապես համաձայնեցում հոգեբանի հետ, ինչը կարելի է մեծ ձեռքբերում համարել: Ընդհանուր առմամբ՝ չանդրադառնալով առանձին կառուցակարգերին, վստահաբար կարող ենք պնդել, որ սպասվող կարգավորումներն այս առումով ավելի երեխայակենտրոն են:
-Նշվում է, որ Քրեական նոր օրենսգրքով ամբողջապես վերանայվել է պատժողական քաղաքականությունը։ Ինչպե՞ս պետք է դա արտահայտվի, ինչ միջոցների կիրառմամբ և ներկայումս ինչ իրավիճակ ունենք։
-Քրեական նոր օրենսգրքում պատժի համակարգը համալրվել է նոր պատժատեսակներով, որոնք հնարավորություն կտան դատարանին առավել ճկուն լինել պատժի անհատականացնման հարցում: Մասնավորապես ազատության սահմանափակումը՝ որպես նոր պատժատեսակ, դատարանին հնարավորություն է ընձեռելու անձին չուղարկել քրեակատարողական հիմնարկ, բայց և որոշակի սահմանափակումներ կիրառելու միջոցով հասնել պատժի նպատակների իրացմանը: Օրինակ՝ դատարանը կարող է արգելել անձին որոշակի ժամերին բացակայել տնից, մասնակցել կամ կազմակերպել խնջույքներ և այլն: Խիստ դրական գնահատելով այս և նմանատիպ այլ ինստիտուտների ներդրումը՝ զուգահեռ ափսոսանքով պետք է արձանագրենք, որ տեխնիկական պայմանների և անհրաժեշտ ռեսուրսների բացակայության պատճառով դրանց կիրառումը հետաձգվել է:
-Քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում ինչպիսի՞ խնդիրներ ունեն ՀՀ իրավապահ մարմինները։
-Իրավական փոխօգնության ոլորտում ամենաակնառու խնդիրներից մեկը շարունակում է մնալ դրանց ժամանակատարությունը: Տեղեկատվության պահանջի վերաբերյալ ՀՀ հարցումը կարող է պատասխան ունենալ մեկ կամ նույնիսկ երկու տարի անց, ինչը երբեմն գործով օբյեկտիվ որոշում կայացնելու վրա կարող է ունենալ ազդեցություն, հանգեցնել անձանց իրավունքների անհամաչափ սահմանափակումների, նրանց և արդարադատության համակարգը պահել տևական անորոշության մեջ: