Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ստամբուլում Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հանդիպման հավանականության մասին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Էրդողանը նշել է, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդոմիր Զելենսկու հետ, իսկ այսօր զրուցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ըստ նրա՝ նախնական բանակցություններում համաձայնության հասնելուց հետո միայն հնարավոր կլինի ղեկավարների մակարդակով քայլեր ձեռնարկել Ղրիմի և Դոնբասի հարցում: Էրդողանն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարներին էլ տեղեկացրել են, որ Անկարան պատրաստ է այդ հարցում Պուտինի և Զելենսկու հանդիպումը ևս Թուրքիայում կազմակերպել:
Էրդողանի խոսքով՝ թե՛ Զելենսկին, թե՛ Պուտինն այս ամենի վերաբերյալ դրական մոտեցում ունեն:
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան միայն «ուրախ կլինի», եթե հնարավորություն ստեղծվի երկու երկրների ղեկավարների միջև Ստամբուլում նման գագաթնաժողով անցկացնել և «բացասական միտումը վերածել դրականի»: