Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Կրեմլից հայտնում են, որ նրանք քննարկել են իրավիճակը Ղարաբաղի շուրջ «շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար գործնական խնդիրների լուծման վրա»։

Վերահաստատվել է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների հետևողական իրականացման կարևորությունը։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար գործնական խնդիրների լուծման վրա: Հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետևողական իրականացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մարտի 27-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ բանակցություններից հետո Ադրբեջանը դուրս է բերել իր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքից․ «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում, փոխհրաձգության հետևանքով յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի»։

Նույն օրը ադրբեջանական կողմը հայտարարություն տարածեց ու հայտարարեց, որ նշված դիրքերից ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դուրսբերման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավում է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 27-ի հայտարարության մեջ արտացոլված կետերը չեն համապատասխանում իրականությանը»։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 14 վիրավոր։

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 3 զոհ` ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել