Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրառում է արել Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողության վերաբերյալ:
«Նրանք (ռուսները) ունեն միայն տեխնիկա. առավելագույնը: Մենք ի լրումն տեխնիկայի ունենք մարդիկ, որոնք բարձունքին են: Մենք ունենք միլիոնավոր ուկրաինացիների հաղթելու իրական ցանկություն՝ ինքներս մեզ պաշտպանելու, մեր երկիրն ազատագրելու համար»,-գրել է նախագահը և կից լուսանկարներ հրապարակել:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։