Հայաստանի և այլ երկրների հակակոռուպցիոն մարմինների խորհրդանիշները․ ինչպիսին պետք է լինի լոգոն

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի նկարագիրը և դրա ձևը սահմանելու մասին Կառավարության որոշման նախագիծը։

Խորհրդանիշը բազմաթիվ քննարկումների առարկա է դարձել հանրության շրջանում ու դժգոհություններ առաջացրել։ Հակակոռուպցիոն կոմիտեի առաջարկվող խորհրդանիշի տարրերն են՝ առյուծը, սուրը, Հայաստանի Հանրապետության դրոշը և գանձարկղը:

«Առյուծն ունի կանգնած դիրք, մի ձեռքում դեպի վերև ուղղած և շարժման մեջ գտնվող սուրն է, իսկ մյուս ձեռքով պահպանում է գանձարկղը։ Առյուծի բերանը ունի բաց տեսք՝ լեզուն դեպի դուրս: Առյուծը ոսկեգույն է և խորհրդանշում է ուժ, քաջություն և հզորություն: Առյուծի ձեռքում գտնվող սուրը մոխրագույն է՝ ոսկեգույն դաստապանով և մուգ մոխրագույն բռնակով: Սուրը խորհրդանշում է կոռուպցիայի դեմ պայքարը: Գանձարկղը խորհրդանշում է այն արժեքները, որոնք ենթակա են պահպանության ու պաշտպանության: Առյուծը պատկերված է վահանի կենտրոնում` եզրագծված կապույտով։ Ընդհանուր ետնապատկերը (ֆոնը) մուգ կապույտ է: Առյուծից վերև՝ աջ կողմում պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը։ Մուգ կապույտը խորհրդանշում է համառությունը, անկոտրունությունը, ուժն ու նվիրվածությունը կոռուպցիայի դեմ պայքարում:

Դրոշից վերև գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ» բառերը»։

Լոգոտիպը պետք է մշակել՝ հաշվի առնելով ժամանակակից պահանջները։ Այն պետք է լինի պարզ, հեշտությամբ ճանաչելի և բազմակողմանի: Լոգոյի արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով է այն տարբերվում մյուսներից, որքանով է այն տեսանելի տարբեր լրատվամիջոցներում, ինչպես է այն հարմարվում տպագիր և թվային ձևաչափով նյութերին:

Նշենք, որ Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդանիշը ձեռքն է՝ ՀՀ դրոշի գույներով։ Խորհրդանշում է թափանցիկությունը, բաց աշխատանքը։

Իրավաբան․net-ը ուսումնասիրել է տարբեր երկրների հակակոռուպցիոն մարմինների խորհրդանիշները և դրանք համեմատել առաջարկվող հայկականի հետ։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ կոռուպցիայի տեսակետից աշխարհում առավել մաքուր երկրներն են 88-ական միավոր վաստակած Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան։

Ֆինլանդիան, ըստ կոռուպցիայի տարածվածության գործակցի, համարվում է ամենաքիչ կոռումպացված երկրներից մեկը աշխարհում՝ հետևողականորեն ապահովելով ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ։

Ֆինլանդիայի հակակոռուպցիոն մարմնի խորհրդանիշը կանաչ գույնն ունի, ինչը խաղաղության, ներդաշնակության, որոշ դեպքերում նաև առողջացման և հզորության  նշանակություն ունի։

Մաքուր երկրների ցանկում է նաև Նոր Զելանդիան, որը նույնպես 88 միավոր ունի։ Նոր Զելանդիան աշխարհի ամենակայուն և լավ կառավարվող երկրներից մեկն է։ 2014 թվականի դրությամբ՝ Նոր Զելանդիան եղել է չորրորդ պետությունն աշխարհում դեմոկրատական ինստիտուտների հզորությամբ։

Նոր Զելանդիայի հակակոռուպցիոն մարմնի խորհրդանիշը SFO (Serious Fraud Office) հապավումն է և երկրի զինանշանի սև-սպիտակ տարբերակը։ Զինանշանն ընդունվել է 1956 թվականին։ Այն վահան է, որը մի կողմից բռնել է ձեռքին Նոր Զելանդիայի դրոշ պահած սպիտակամորթ կինը, մյուս կողմից՝ մաորի ռազմիկ։ Վահանի վերևում սուրն Էդուարդի թագն է։ Վահանի ներքևում ձարխոտի երկու ճյուղեր են։ Գերբն արտահայտում է երկրում բնակվող բոլոր ժողովուրդների ու մշակույթների միասնությունը և նվիրվածությունը նորզելանդական միապետությանը։

85-ական միավորով 2-րդ տեղը կիսում են են Նորվեգիան, Սինգապուրն ու Շվեդիան։

Սինգապուրի Կոռուպցիոն գործունեության քննության բյուրոյի էջում նշվում է, որ լոգոյի ուղղանկյունը խորհրդանշում է հավասարությունը և արդարությունը։ Քառակուսիների կասկադը ներկայացնում է Corrupt Practices Investigation Bureau (CPIB)-ի հակակոռուպցիոն ջանքերի համընդհանուր ազդեցությունը։ Կարմիր գլոբուսը ներկայացնում է լոգոյի տպագրության i-ի վերևի կետը, որը խորհրդանշում է կազմակերպության զգոնությունն ու տեսլականը։

Պետական ​​կարմիր և սպիտակ գույներն ընտրված են որպես հիշեցում, որ կոռուպցիայի դեմ պայքարը ազգային կարևոր խնդիր է։

76 միավոր վաստակած Հոնգ Կոնգը 12-րդ տեղում է, կոռուպցիայի դեմ պայքարող մարմինը կոչվում է Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողով (Independent Commission Against Corruption (ICAC)։ Ստեղծվել է 1974 թվականին որպես անկախ բազմապրոֆիլ հաստատություն և գործում է «Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովի մասին» օրենքի հիման վրա:

Հանձնաժողովի խորհրդանիշը կարմիր և սև գույնի է։

Հին Չինաստանում ապստամբներն իրենց անվանում էին «կարմիր զինվորներ», «կարմիր նիզակներ», «կարմիր հոնքեր»։ Կարմիրը նշանակում է նաև իշխանություն։

Նշենք, որ Չինաստանում հարսնացուները կրում են կարմիր հարսանեկան զգեստ։ Այն խորհրդանշում է հաջողություն և բարի բախտ։

Կոռուպցիայի ընկալման համաթվով  55 միավորով 45-րդ տեղում է Բոտստվանան է։ Կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ տնօրինությունը ստեղծվել է 1994թ.-ին «Կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների գործերով» ակտի հիման վրա։

Խորհրդանիշում գերակշռում են կապույտ և սև գույները։

Սարդը ամենահին խորհրդանիշներից է, որը ներկայացնում է առեղծված, զորություն և առաջընթաց:

56 միավորով 42-րդ տեղում է Լեհաստանը։ Երկրի Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոն ստեղծվել է 2006թ.-ի հունիսին ընդունված «Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի մասին» օրենքի հիման վրա։ Վերջինս ունի և իրավապահ, և կանխարգելիչ ու կրթական գործառույթներ։

Բյուրոյի խորհրդանիշը երկրի զինանշանի վրա պատկերված արծիվն է։ Լեհաստանի զինանշանը՝ կարմիր ֆոնի վրա պատկերված սպիտակ արծիվն է, աշխարհի ամենահին պետական ​​խորհրդանիշներից մեկը։

Լեգենդն ասում է, որ սպիտակ արծիվը, որը հետագայում դարձավ լեհական պետության զինանշանը, տեսել է լեգենդար Լեխը՝ լեհ ժողովրդի նախահայրը։

Զինանշանը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, սակայն չի փոխվել պատկերված կենդանին և հիմնական գույները։

Մոլդովան 36 միավորով 105-րդ տեղում է։ Մոլդովայի Ազգային հակակոռուպցիոն կենտրոնը ստեղծվել է «Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի մասին» օրենքի հիման վրա, որն ընդունվել է 2002թ.-ի հունիսի 6–ին։

Կենտրոնի խորհրդանիշը երկրի զինանշանի փոփոխված տարբերակն է։

Մոլդովայի զինանշանը խաչաձև վահան է, որի վերին մասում կարմիր դաշտ է, ներքևում՝ կապույտ։ Վահանի կենտրոնում ցլի գլուխն է, որի եղջյուրների արանքում ութաթև աստղ է, գլխից աջ՝ հինգ թերթիկ վարդ, ձախում՝ կիսալուսին, շրջված և թեթևակի թեքված դեպի ձախ։ Վահանի բոլոր տարրերը ոսկեգույն են (դեղին): Վահանը դրված է արծվի կրծքին, որի կտուցը պահում է ոսկե խաչ (խաչակիր արծիվ), ճանկերում՝ աջում՝ կանաչ ձիթենու ճյուղ, ձախում՝ ոսկե գավազան։ Կտուցի մեջ խաչ ունեցող արծիվը խորհրդանշում է մոլդովացիների հին հռոմեական ծագումը, ձիթենու ճյուղը՝ խաղաղություն, իսկ գավազանը խորհրդանշում է ինքնիշխանության գաղափարը։ Մոլդովայի զինանշանը գտնվում է Մոլդովայի դրոշի կենտրոնում։

Հարավային Կորեայի Կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքացիական իրավունքների հանձնաժողով (Anti-corruption and Civil Rights Commission (ACRC)։ Այն ձևավորվել է 2008թ.-ի փետրվարի 29-ին` Կորեայի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովի, Օմբուդսմենի գրասենյակի և Վարչական բողոքների հանձնաժողովի միավորման արդյունքում:

Կորեան 62 միավորով 32-րդ տեղում է։ Հանձնաժողովի խորհրդանիշը երկրի դրոշի և զինանշանի կենտրոնում առկա երկու հակադարձ էներգիաները՝ «ին»-ը և «յան»-ը, որոնք միահյուսվում են։ «Ին»-ը համապատասխանում է կապույտ գույնի էլեմենտին, «յան»-ը՝ կարմիրին։ Խորհրդանիշը կրում է նաև սպիտակ գույնը, որը համարվում է Կորեայի ազգային գույնը։

71 միավորով 22-րդ տեղում է Ֆրանսիայի հակակոռուպցիոն գործակալությունը (ՖՀԿ), որը իրականացնում է խորհրդատվական, օժանդակ և վերահսկողական առաքելություններ։

Խորհրդանիշը կազմակերպության հապավումն է, որտեղ A տառերը ընդգծված են կապույտ և կարմիր գծերով։ Գույները խորհրդանշում են Ֆրանսիայի դրոշի գույները։

Դրոշի կապույտ գույնը օգտագործվել է դեռևս Քլոդվիգ I-ի կառավարության տարիներին։ Այն կապ ունի Սուրբ Մարին Տուսրկիւյնի հետ (Մարտին Տուրսկին Ֆրանսիայի հովանավորն է)։ Ըստ լեգենդի Սուրբը կիսել է իր թիկնոցը (կապույտ գույնի) Ամյեն քաղաքի աղքատներին, իսկ Քլոդվիգը քրիստոնեության ընդունումից հետո մոտավորապես 498 թվականին ի պատիվ նրա դրոշի սպիտակ գույնը փոխարինեց կապույտով։ Սպիտակ գույնը 1638-1790 թվականների ընթացքում համարվել էր в թագավորական դրոշի գույն և մի քանի ծովերի նշան։ Սպիտակ գույնը խորհրդանշում է Ֆրանսիան և այն ամենը, ինչը կապված է աստվածային կարգի հետ՝ Աստծու հետ։ Ըստ պաշտոնական ուսմունքի թագավորի իշխանությունն ուներ աստվախային ծագում։

Ինդոնեզիան 38 միավորով 96-րդ տեղում է։ Հակակոռուպցիոն պայքարը երկրում սկսվել են 1950-ականներին: 1960-ականների վերջին նախագահ Սոեհարտոյի կողմից 1970 թվականին նշանակվեց 4 հոգուց բաղկացած հանձնաժողով: Հանձնաժողովի զեկույցում նշվում էր, որ կոռուպցիան «տարածվում է»։ Օրենքներն ընդունվել են միայն 1999թ.-ին, որոնք ոստիկանությանը և դատախազությանը կոռուպցիոն դեպքերը հետաքննելու իրավասություն են տվել:

Կոռուպցիայի վերացման հանձնաժողովի մասին օրենքը ընդունվել է 2002 թվականին, որը իրավական հիմք է ստեղծել  Komisi Pemberantasan Korupsi (KPK)-ի ստեղծման համար: Այդ ժամանակից ի վեր հանձնաժողովը զգալի աշխատանք է կատարել՝ բացահայտելով և հետապնդելով կոռուպցիայի դեպքերը կարևոր պետական մարմիններում, որոնք հասնում են մինչև Գերագույն դատարանը: Հանձնաժողովի խորհրդանիշը երկրի դրոշի վրա պատկերված զինանշանն է, իսկ ներքևում մարմնի անվան հապավումը։

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) Ուկրաինայի պետական ​​գործադիր մարմին է, որն ունի լայն կատարողական լիազորություններ: Նրան են վստահված կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը։ Երկիրը 32 միավորով 122-րդ տեղում է։ Դրա ստեղծումը նախատեսված է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին ընդունված «Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի մասին» օրենքով:

Գործակալության տարբերանշանը երկրաչափական պատկերի և «Ազգային հակակոռուպցիոն բյուրո» մակագրության համադրություն է։ Ֆիգուրը ուղղանկյուն տրապեցիա է, որն ունի ուղիղ անկյուններ աջ կողմում։ Այն դեղին է և խորհրդանշում է լույսի ճառագայթ:

Լատվիան 59 միավորով 36-րդ տեղում է։ Երկրի Կոռուպցիայի կանխարգելման և պայքարի բյուրոն (Corruption Prevention and Combating Bureau (KNAB) ստեղծվել է 2002թ.-ին «Կոռուպցիայի կանխարգելման և պայքարի Բյուրոյի մասին» օրենքի հիման վրա։

Գրաֆիկական նշանը պատկերում է սև արծիվ սպիտակ արևի ֆոնի և արծաթե դաշտի վրա: Տարբերանշանի ներքևում բյուրոյի անվան հապավումն է՝ KNAB։ Գրաֆիկական նշանի գունային սխեման դեղին (ոսկի), արծաթագույն, սև է։ Արծիվը խորհրդանշում է իմաստություն, անկախություն, ազատություն, քաջություն և ուժ։ Արծվին տրվում է հիմնական սկզբունքի՝ արդարության իմաստը։

Արևը լույսի և կյանքի խորհրդանիշն է։ Հապավումը արծաթե դաշտում է։ Արծաթը որպես գույն և մետաղ նշանակում է մաքրություն:

Հապավման ներքևում գրված է՝ «Պատիվը բարձր է իշխանությունից» կարգախոսը։ Կոռուպցիան վստահված իշխանության չարաշահումն է անձնական շահի համար, ուստի պատիվը որպես հասկացություն բյուրոյի հիմնաքարն է, ծածկագիրը, առանցքային բառը։

Լիտվան 61 միավորով 34-րդ տեղում է։ Հատուկ քննչական ծառայությունը (Special Investigation Service (STT) ստեղծվել է 1997թ.-ի փետրվարի 18-ի թիվ 135 որոշմամբ։ Ինչպես ավելի վաղ նշվել է, արծիվը խորհրդանշում է ուժ և իշխանություն։

Արծվի ճանկում ջահ է, որը խորհրդանշում է առաջնորդություն, պատրաստակամություն։

Կապույտը խաղաղության, հանգստության, վստահության խորհրդանիշն է, դեղինը՝ լույսի, արևի։

48 միավորով 62-րդ տեղում է Մալայզիան։ Մալայզիայի հակակոռուպցիոն հանձնաժողովը հիմնադրվել է 2009-ին։

Խորհրդանիշի 14 անկյունները արտացոլում են 14 նահանգների և դաշնային կառավարության գերազանցությունն ու փառքը, որոնք զերծ են կոռուպցիայից։ Ոսկին խորհրդանշում է ամենաարժեքավոր խաչակրաց արշավանքը, այսինքն՝ արմատախիլ անել կոռուպցիան։ Կիսալուսը խորհրդանշում է իսլամը որպես ազգային կրոն: Դեղինը խորհրդանշում է արդարությունը, արտացոլում է վստահություն և ներդաշնակություն: Վահանը խորհրդանշում է ինքնապաշտպանության հանդերձանք, սևը՝  ճշգրտության և կայունության կայուն ոգին և հաղթահարելու ձգտումը:

Ցորենի հասկերը խորհրդանշում է առաջադիմությունը, բարգավաճումը և ձեռքբերումները, որոնք ձեռք են բերվել բարոյական և էթիկական հասարակության ներսում: Վագրը խորհրդանշում է խիզախությունն ու ուժը։ Կարմիրը խորհրդանշում է ազգի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը պաշտպանելու մարտական ​​ոգին, նույնիսկ եթե դա պահանջում է սեփական արյունը, սպիտակ և կարմիր գծերը՝ կրթական գործունեությունը ողջ Մալայզիայում՝ կապված կոռուպցիայի և դրա վատ հետևանքների հետ: Հանձնաժողովի հապավման ներքևում գրություն կա, որը խորհրդանշում է ապագայի համար ազգի ավանդույթն ու ժառանգությունը պահպանելու ոգին։

Ռումինիան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 45 միավորով 66-րդ տեղում է։

Ազգային հակակոռուպցիոն տնօրինությունը (National Anticorruption Directorate (DNA) զբաղվում է հետաքննությամբ և քրեական հետապնդման իրականացմամբ։

Կազմակերպության խորհրդանիշի մեջտեղում պատկերված է Ֆեմիդան, որը աստվածային կարգի, օրենքի, սովորույթի և օրենքի աստվածային արդարության մարմնացումն է։ Նրա ձեռքի կշեռքները չունեն հիմք, ինչը ցույց է տալիս, որ ապացույցները պիտի արդար «կշռվեն»։ Աչքի կապածությունը խորհրդանշում է անկողմնակալությունը, իդեալը, որի համաձայն արդարադատությունը պետք է կիրառվի անկախ հարստությունից, իշխանությունից կամ այլ կարգավիճակից։ Սուրը մարմնավորում է իշխանությունը հին ժամանակներում և փոխանցում է այն գաղափարը, որ արդարադատությունը կարող է լինել արագ և վերջնական։

Հունահռոմեական հագուստը խորհրդանշում է արդարությունը մարմնավորող փիլիսոփայական կեցվածքի կարգավիճակը։

Ղազախստանը 37 միավորով 102-րդ տեղում է, երկիրն ունի Հակակոռուպցիոն ծառայություն։ Դրա խորհրդանիշն ընդգրկում է երկրի հաղորդակցման տարբերանշանը և ազգային դրոշի ոսկե արծիվը վահանի ներսում, իսկ ծառայության արժեքները՝ արդարություն, ամբողջականություն, վստահություն, նշված են խորհրդանիշի ներքևի մասում: Զինանշանը հաղորդում է ծառայության հավատարմությունը նշված արժեքներին:

Երկնային գույնը խորհրդանշում է արդարությունը, հավասարակշռությունը: Սպիտակը՝ ամբողջականություն, կապված է մաքրության, անապականության, անմեղության հետ: Կապույտը խորհրդանշում է անվտանգություն և վստահություն:

Եվգենյա Համբարձումյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել