Հայաստանում օնկոլոգիական ծառայությունները բավարար մակարդակի վրա չեն։ Խնդրահարույց են հատկապես բժիշկ-պացիենտ հարաբերությունները, հիվանդների վստահության ու հույսի պակասը՝ բժիշկների նկատմամբ, իսկ սրա պատճառներից մեկը էթիկայի դեոնտոլոգային նվազ կարևորություն տալն է ու օնկոհոգեբանության նշանակության թերի գնահատումը։
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշել է Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական հիվանդություններ և ժամանակակից վիրաբուժական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» ԲԿ վիրաբույժ, օնկոլոգ, բ․գ․դ․, պրոֆեսոր Խաչատուր Բադալյանը։
«Ցավոք սրտի, ես ավելի շատ հանդիպում եմ ձևական, ցուցադրական մոտեցման և առօրյա կյանքում, երբ գործ ենք ունենում, ես տեսնում եմ հիվանդների նկատմամբ վերաբերմունքը՝ թե ինչ ձևով է ընդունված ներկայացնել դիագնոզը, ինչ ձևով է ընդունված քննարկել տարբեր իրավիճակները՝ հիավանդության հետ կապված՝ չէի ասի, թե համապատասխան մակարդակ ունենք»,-նշում է նա։
Պրոֆեսորի խոսքով՝ իր նպատակը, որպես մասնագետ, միշտ եղել է հիվանդին հասկանալը, բացատրելը, խոսելն այն լեզվով, որին սպասում է պացիենտը։
«Շատ կարևոր է, որ հիվանդը որոշակի պատկերացում կազմի հիվանդության մասին, հուսադրված լինի, հույսով ու հավատով լցվի ամեն ինչի նկատմամբ։ Ցավոք, հատկապես օնկոլոգիական հիվանդությունների դեպքում, մարդիկ որևէ բժշկի հետ քննարկելով իրենց հիվանդությունը, ավելի են հուսալքվում, կորցնում են հավատը և երբեմն ունեցած հիվանդությունը, եթե կա որոշակի ծանրություն, որպես բեռ կամ անլուծելի վիճակ՝ դառնում է կրկնակի, եռակի ավելի ծանր։ Բայց եկեք մոտեցումը փոխենք․ հիվանդը գալիս է բժշկի մոտ հույս, հավատ ստանալու, ուղղություն՝ բուժման ընթացքում, օգնություն, և դուրս է գալիս, որ հիասթափությունն ավելի մեծ է լինում, հույսը կորում է ու հիավանդն ավելի է անորոշության մեջ ընկնում»,-ասաց Բադալյանը։
Խաչատուր Բադալյանը խոսում է նաև բժշկական սխալի մասին՝ նշելով, որ մասնագիտական սխալի դեպքում պատասխանատվությունը պետք է անխուսափելի լինի։
Մանրամասները՝ տեսանյութում