Ռուսական ավիացիան գիշերվա ընթացքում ոչնչացրել է ուկրաինական 62 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ երեք հրամանատարական կետ, և խոցել վեց անօդաչու թռչող սարք: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Գիշերվա ընթացքում օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի 62 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ երեք հրամանատարական կետ, մեկ բազմակի հրթիռային համակարգերի կետ, հրթիռային և հրետանային զինատեսակների երկու պահեստ և մեկ վառելիքի պահեստ, ինչպես նաև 52 ռազմական տեխնիկայի կուտակման կետ»,- ասել է Կոնաշենկովը։
Վերջինիս խոսքով՝ օդում խոցվել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մեկ Մի-8 ուղղաթիռ Կոխաննոե գյուղի մոտ, անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ Bayraktar TB-2 Շիբեննոյեի մոտ, և մեկ ուկրաինական մարտավարական բալիստիկ հրթիռ՝ «Տոչկա-Ու» Իզյում բնակավայրից հյուսիս գտնվող Չիստովոդովկա շրջանում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։