ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանին GPS-ից անջատելու հնարավորությունը, լրագրողներին հայտնել է Roscosmos-ի գործադիր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունից։
«Գիտե՞ք, որ այսօր պատժամիջոցների շրջանակներում Միացյալ Նահանգները դիտարկում է Ռուսաստանի Դաշնությունը GPS-ից անջատելու հնարավորությունը, կարող եմ ձեզ ասել, որ քննարկվում է նման հարց»,- ասել է Ռոգոզինը։
Միևնույն ժամանակ, Roscosmos-ի ղեկավարը նշել է, որ չպետք է «լարվել» այս հարցում, քանի որ յուրաքանչյուր սմարթֆոն մուտք ունի GLONASS համակարգ։ Ռոգոզինը կարծում է, որ ռուսական համակարգն ունի նույն ճշգրտությունը։
——————
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։