Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը հույս է հայտնել, որ YouTube-ի վիդեոհոսթինգը չի արգելափակվի Ռուսաստանում։
«Ես իսկապես հուսով եմ, որ YouTube-ը Ռուսաստանում չի արգելափակվի: Առնվազն ռեսուրսի ամբողջական արգելափակում չի լինի: Ի վերջո, այդ ամենից առաջին հերթին կտուժեն մեր օգտատերերը»,-այս մասին այսօր՝ մարտի 18-ին, գրել է Ալեքսանդր Խինշտեյնը Telegram-ի իր ալիքում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, YouTube-ը սահմանափակումներ էր մտցրել ՌԴ-ի օգտատերերի համար: Ընկերությունը մարտի 11-ից սկսել էր արգելափակել ռուսական պետական լրատվամիջոցները՝ ամբողջ աշխարհում, ինչպես նաև դադարեցրել էր դրամայնացման (monetization) բոլոր մեթոդները Ռուսաստանում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։