ՆԱՏՕ-ի անդամ երկրները կիսում են կարծիքն այն մասին, որ դաշինքի զինված ուժերը չպետք է լինեն Ուկրաինայի ցամաքային կամ օդային տարածքում: Այս մասին դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստի արդյունքներով հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «ՏԱՍՍ»լրատվական գործակալությունը:
«ՆԱՏՕ-ի անդամ երկրները միասնական են իրենց դիրքորոշումներում՝ լինի դա Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու, թե այն հարցում, որ ՆԱՏՕ-ի ուժերը չպետք է լինեն Ուկրաինայի ցամաքային կամ օդային տարածքում: Մեզ վրա կա պատասխանատվություն՝ ապահովելու, որ այս հակամարտությունը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից»,-հայտարարել է նա:
Նա նաև հավելել է, որ դաշինքը չի նախատեսում խաղաղապահ գործունեություն ծավալել Ուկրաինայի տարածքում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։