Ռուսաստանի զինված ուժերի՝ Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական կենտրոններին հասցված հարվածի արդյունքում ոչնչացվել է մոտ 180 օտարերկրյա վարձկան և զինատեսակների մեծ խմբաքանակ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մարտի 13-ի առավոտյան գերճշգրիտ հեռահար զինատեսակներով ռուսական զինված ուժերը գրոհել են Ուկրաինայի Զինված ուժերի ուսումնական կենտրոնները Ստարիչի գյուղում և Յավորովսկի զորավարժարանում: Գրոհի արդյունքում ոչնչացվել է մոտ 180 օտարերկրյա վարձկաններ: Այս հաստատություններում կային օտարերկրյա վարձկանների պատրաստման և մարտական համակարգման կետեր, ինչպես նաև բազա, որտեղ պահվում էին Արևմտյան երկրների կողմից Կիևին մատակարարված զենքն ու ռազմական տեխնիկան»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։