Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ուկրաինայում կամավորներ ներգրավելու գաղափարին։ Այս մասին Պուտինն ասել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ․ փոխանցում է РИА Новости-ն:
«Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են կամավոր հիմունքներով, հատկապես ոչ փողի համար, գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, դե լավ, ինչ անել․ դուք պետք է ընդառաջեք և օգնեք նրանց տեղափոխվել պատերազմական գոտի»,-նշել է նա:
Պուտինը նաև ընդունել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկը՝ արևմտյան արտադրության գրավված տեխնիկան Դոնբաս տեղափոխելու վերաբերյալ։
ՌԴ նախագահի խոսքով՝ «արևմտյան հովանավորները» չեն թաքցնում վարձկանների հավաքագրումը՝ հակամարտությանը մասնակցելու համար և նրանք դա անում են բացահայտ արհամարհելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:
__________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։