Գեղարքունիքի մարզի դատախազությունում կոռուպցիոն ռիսկեր չկան: Սրանում համոզված է մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը։ Իրավաբան․net-ի «Հայաստանի դատախազները» շարքի շրջանակներում դատախազը նշում է, որ այսօր, բարեբախտաբար, խոսում են նման ռիսկերը ոչ թե վերացնելու, այլ դրանց ի հայտ գալը թույլ չտալու մասին, ինչի համար իրականացվում է ամենօրյա վերահսկողություն ինչպես ուղղահայաց՝ վերևից ներքև, այնպես էլ զուգահեռ վեկտորներով:
– Պարոն Երիցյան, 2018 թվականից զբաղեցնում եք Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնը։ Ի՞նչ առանձնահատկություններ ունի մարզը կրիմինալ առումով, ի՞նչ բնորոշ խնդիրներ կառանձնացնեիք:
– Գեղարքունիքի մարզը կրիմինալ առումով ընդհանուր առմամբ մյուս մարզերից չի տարբերվում: Սակայն կան մարզին բնորոշ առանձին իրողություններ, որոնք որոշակի ազդեցություն են ունենում առանձին հանցատեսակների դինամիկայի վրա: Նախ՝ մարզի տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը: Դրանով պայմանավորված՝ նաև սոցիալական նկատառումներով, մարզին բնորոշ է ձկնորսությունը: Այս առումով նաև առավել շատ են հանդիպում ապօրինի ձկնորսության դեպքերը, որոնց դեմ տարբեր պետական մարմիններ իրականացնում են համատեղ պայքար: Երկրորդը՝ մարզի ազգաբնակչությունը ավանդաբար որոշ չափով ավելի հակված է արտագնա աշխատանքին: Եվ դրա արդյունքում շատ առանձնատների տևական ժամանակով փակ մնալու հանգամանքը նպաստավոր պայմաններ է ստեղծում բնակարանային գողությունների համար:
– Պարոն Երիցյան, ինչպե՞ս է փակվել տարին հանցավորության վիճակի հետ կապված։ Ի՞նչ իրավիճակ է գրանցվել մարզում և ի՞նչ պատկեր ունենք հանցագործությունների քանակի, բացահայտման ցուցանիշի առումով՝ համեմատած նախորդ տարվա հետ։
– 2021 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 20,8 տոկոսով կամ 215 դեպքով (2021թ. 1250 դեպք, 2020թ.՝ 1035):
Հատկանշական է, որ աճը տեղի է ունեցել միջին ծանրության հանցագործությունների հաշվին՝ 28,7%-ով, մինչդեռ ծանր և առնաձնապես ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են՝ համապատասխանաբար 5,2%-ով և 75%-ով: Ընդ որում, հրազենի գործադրմամբ գրանցված դեպքերը նվազել են 100 տոկոսով. 2021թ. այդպիսի դեպք չի գրանցվել, մինչդեռ 2020թ արձանագրվել էր 8 դեպք:
Ինչ վերաբերում է բացահայտման ցուցանիշներին, ապա վարույթում գործերով և նյութերով անցնող 1672 հանցագործություններից բացահայտվել է 1009-ը: Այսինքն բացահայտումը կազմել է 60,3%՝ 2020թ. 58,5%-ի դիմաց:
Պետք է նշեմ, որ աճ է արձանագրվել հիմնականում հրազենի և ռազմամթերքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այդ թվում՝ թմրամիջոցներ իրացնելու, անձնական գույքի գողության, ինչպես նաև կաշառք ստանալու, տալու կամ կաշառքի միջնորդության դեպքերով, իսկ դրան զուգահեռ նվազել են ՃԵԿ-ի կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում մահվան ելքով և բնակարանային գողությունների դեպքերը: Այս կապակցությամբ հարկ է կարևորել, որ կատարված աշխատանքները մարզի դատախազության կողմից հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացված դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման, ինչպես նաև մարզի իրավապահ մարմինների համակարգված աշխատանքի արդյունք են:
Օրինակ, 2021թ. ընթացքում հանցագործությունների լիարժեք բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու նպատակով քննությունների լրիվությունը, օբյեկտիվությունն ապահովելու շրջանակում մարզի դատախազության դատախազների կողմից հետաքննության և նախաքննության մարմիններին տրվել է քննչական, դատավարական կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ 89 ցուցում: Դա 2020թ. համեմատ ավելի է շուրջ 50%-ով:
Այն դեպքերում, երբ դատախազական հսկողության շրջանակներում արձանագրվում են վարույթի իրականացման օրինականության, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար ոչ բավարար միջոցների ձեռնարկման հետ կապված խնդիրներ, դատախազների կողմից կայացվում են գործերի ընթացքը բեկող դատավարական որոշումներ: Մասնավորապես 2021թ. ընթացքում դատախազների կողմից վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի 30 որոշում, մինչդեռ 2020թ. այդպիսիք եղել են 11-ը: Կամ՝ դատախազության դատախազների կողմից 2020թ. համեմատ վերացվել են վարույթը կարճելու մասին 80,1%-ով ավելի և վարույթը կասեցնելու մասին 84,9%-ով ավելի որոշումներ: Սա նշանակում է, որ դատախազները դատավարության պասիվ մասնակիցներ չեն և իրենց գործառույթների իրացմամբ առարկայական ներգործություն են ունենում հանցագործությունների լիարժեք բացահայտմանը, արարքներն օբյեկտիվ և լիարժեք քրեաիրավական գնահատականների արժանացնելու վրա:
– Հանրապետությունում անցած տարի սպանությունների և սպանության փորձերի դեպքերի աճ է արձանագրվել: Մարզում ինչպիսի՞ դինամիկա է առկա այս առումով և ի՞նչ գործոններ են նպաստել դրան: Ձեզ բավարարու՞մ է հատկապես նման հանցագործությունների կանխման, բացահայտման առումով օպերատիվ մարմինների աշխատանքը:
– Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2021թ. ընթացքում մարզի տարածքում սպանության դեպք չի գրանցվել, այն դեպքում, երբ նախորդող տարում սպանության 5 դեպք էր գրանցվել: Նույն արդյունքն արձանագրվել է նաև սպանության փորձի դեպքերով: Նվազել են նաև դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը՝ 3,4%-ով: Այսպիսի դինամիկան, ինչ խոսք, հանցագործությունների կանխման և բացահայտման առումով օպերատիվ մարմինների նպատակային աշխատանքի արդյունք է, քանի որ նախորդ տարում գրանցված սպանության և սպանության փորձի դեպքերով օպերատիվ մարմիններն իրականացրել են իսկապես մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դրա հետ մեկտեղ քննչական մարմնի հետ միասին իրականացվել են նաև համապատասխան քննչական և դատավարական գործողություններ, ինչպես նաև դատախազության կողմից կիրառվել են այդ արդյունքին միտված ներգործության ակտիվ միջոցներ: Պրակտիկան ևս հուշում է, որ պրոֆիլակտիկ, կանխարգելիչ աշխատանքը՝ առաջին հերթին հենց հանցագործների համար տեսանելի կերպով իրականացվող, միշտ տալիս են դրական արդյունք: Եվ մեր խնդիրը լինելու է բոլոր հնարավոր միջոցներով պահպանել ունեցած արդյունքը:
– Գավառի կրակոցներից և դրան հաջորդած զանգվածային անկարգության դեպքից անցել է մեկ տարուց ավելի։ Քրեական գործը դատարանի վարույթում է գտնվում 2021 թվականի հունվարի 8-ից, սակայն ամիսներ շարունակ այս գործով որևէ դատական նիստ, ըստ էության, չի կայացել։ Դատախազությունը ի՞նչ միջոցներ է ձեռնարկում գործի քննության բնականոն ընթացքն ապահովելու համար։
– Հարուցված քրեական գործերով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում: Այսինքն այդ գործերով ևս Գեղարքունիքի մարզի դատախազությունը հսկողություն և դատավարական ղեկավարում, ինչպես նաև մեղադրանքի պաշտպանություն չի իրականացնում: Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ դատախազությունը, հասկանալով հանդերձ դատարանների ծանրաբեռնվածությունը, պարբերաբար բարձրացնում է դատական նիստերը ողջամիտ պարբերականությամբ և կանոնավոր անցկացնելու խիստ անհրաժեշտությունը, քանի որ դա ուղղակիորեն պայմանավորված է ոչ միայն դատավարության մասնակիցների իրավունքների հետ, այլ նաև արդար դատաքննության և ժամանակին իրականացված արդարադատության և սոցիալական արդարության վերականգնման հետ:
– Մարզի զգալի բնակավայրերի բնակչության համար ձկնորսությունը, այդ թվում՝ ապօրինի, ինչպես նկատեցիք, սոցիալական խնդիր լուծելու միջոց է և դա հակադրվում է ապօրինի ձկնորսության դեմ պայքարի պետական քաղաքականությանը, երբեմն այս առումով նաև բողոքի ակցիաներ են իրականացվում: Քրեաիրավական առումով ինչպիսին է պայքարը Սևանա լճից ձկնագողության դեմ, ինչ խնդիրներ են առկա այս ոլորտում:
– ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն՝ արդյունագործական որս կատարելու համար այդպիսի հայտ ներկայացրած անձանց հետ կնքվել են Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրեր՝ կոնկրետ ժամկետներով՝ հաշվի առնելով իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով։ Պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից:
Ինչպես նախկինում, այնպես էլ 2021-2022թթ. ձկների ձվադրման ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Սևանա լիճը գոտևորող համայնքների ղեկավարների կողմից ազգաբնակչության շրջանում կազմակերպվել և անցկացվել են հանդիպումներ: Դրանց ընթացքում բնակչությանը իրազեկվել է Սևանա լճում ձկան որսի արգելված ժամանակահատվածի մասին և միաժամանակ բացատրվել է, որ զերծ մնան ջրային կենդանիների ապօրինի որսով զբաղվելուց: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից շրջագայություններ են կատարվել տարածքում գործող շուկաներում, մանրածախ և մեծածախ առևտրի կետերում՝ Սևանա լճից արդյունահանված սիգ ձկնատեսակի ապօրինի վաճառքի կանխարգելման ուղղությամբ: Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի և ձկան տեղափոխման 43 դեպք, որոնցով ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են նույնքան քրեական գործեր:
Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին, ապա անցած տարվա նոյեմբերին ԶԼՄ հրապարակումների առթիվ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստերով նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Բողոքի ակցիան վերաբերում էր նրան, որ ձկան որսի թույլատրված ժամանակաընթացքում ավելի շատ ձուկ է որսվել, քան փաստաթղթերով արձանագրվել է, և այն կատարվել է ազգային պարկի աշխատակիցների միջոցով:
Նկատի ունենալով, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող միջոցառումները կրում են շարունակական բնույթ, Սևանա լճից «սիգ» ձկնատեսակի ապօրինի որս կատարելուն նպաստող հանգամանքների վերացմանն ուղղված պրոֆիլակտիկ աշխատանքների կատարումն ակտիվացնելու և ձկնորսությամբ զբաղվելու թույլտվություն ունեցող անձանց գործունեության նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտությունից ելնելով միջնորդագիր է ուղարկվել Գեղարքունիքի մարզպետին և մյուս իրավասու մարմիններ:
– 2018թ. ընթացքում բնարականային գողության դեպքերն աճել էին 24,1 տոկոսով, իսկ բացահայտման ցուցանիշը մնացել էր նույնը՝ 50 տոկոս: Ինչպիսի՞ն է այժմ իրավիճակը։
– 2021թ. ընթացքում, թեև գողության դեպքերն ընդհանուր առմամբ աճել են 17,2 տոկոսով կամ 33-ով (2021թ.՝ 225 դեպք, իսկ 2020թ.՝ 192), սակայն բնակարանային գողությունները նվազել են 21,7 տոկոսով կամ 10-ով (2021թ.՝ 36 դեպք, իսկ 2020թ.՝ 46): Ընդ որում, ունենք փաստացի ոչ միայն դեպքերի նվազում, այլ նաև բացահայտման ցոցանիշի էական բարելավում. բացահայտումը կազմել է 54,4%, այն դեպքում, երբ 2020թ. արձանագրվել էր 40,3% ցուցանիշ:
Ինչպես գիտեք, արդեն մի քանի տարի է՝ դատախազության համար բնակարանային գողությունների դեմ պայքարը՝ իր բոլոր բաղադիչներով, համարվում է առաջնային՝ հաշվի առնելով հանրապետությունում դրա ծավալները: Նախորդ տարիներին դատախազության նախաձեռնությամբ այս պայքարում, իրենց իրավասությունների ու հնարավորությունների սահմաններում մոբիլիզացվել են ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների ռեսուրսները: Մենք հետևողականորեն քարտեզագրում ենք բնակավայրերի ռիսկային բոլոր այն հատվածները, որտեղ ավելի շատ դեպքեր են տեղի ունենում և հանձնարում ենք ոստիկանությանը՝ այդ տարածքներում ուժեղացնել պարեկային հսկողությունը, ակնդետ վերահսկողության ներքո պահել հանցագործների երթուղիները, հնարավորության դեպքում այդ թիրախային գոտիներում ավելացնել տեսախցիկների քանակը, իսկ բազմաբնակարան շենքեր ունեցող բնակավայրերում՝ քաղաքներում, նաև միջոցներ ձեռնարկել այդ շենքերի մուտքի դռները կոդավորվող փականներով, մուտքերը՝ լուսավորությամբ կահավորելու ուղղությամբ: Ճիշտ է՝ այդ ամենը նաև ֆինանսական ռեսուրսներ է պահանջում, որոնք համայնքները բավարար չափով չունեն, սակայն քաղաքացիների գույքային անձեռնմխելիության ապահովումը այնպիսի կարևորության և հրատապության հարց է, որ միշտ կարելի է միջոցներ գտնել:
Առանձին ուղղություն է գողություն կամ համասեռ այլ հանցագործություն կատարելու համար դատապարտված և ազատության մեջ հայտնված անձանց վարքագծի նկատմաբ հսկողությունը ոստիկանության կողմից:
Բնակարանային գողությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանց բացահայտման արդյունավետությունն էապես բարձրանում է թարմ հետքերով դրան հետամուտ լինելու, դեպքի վայրի զննության և այլ քննչական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողությունները հնարավորինս արագ և լիարժեք կատարելու դեպքում: Եվ մեր խնդիրներից մեկը նաև դատախազական ներգործության միջոցներով քննությունների օպերատիվությունն ու ամբողջականությունն ապահովելն է՝ համապատասխան ցուցումներով, հանձնարարություններով:
Մարզի դատախազությունը այս խնդիրը պահում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Չնայած դեպքերի քանակական նվազմանը և հանցագործությունների բացահայտման ցուցանիշի բարելավմանը, առկա տեմպերը մեզ չեն կարող բավարարել: Քաղաքացիների զգոնությունը ևս պետք է բարձրացնել բնակարանների պաշտպանության և պահպանության ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար: Երբեմն առանձնատներից գոությունների մասին իրավապահ մարմինները տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ տանտերերը տևական բացակայությունից հետո վերադառնում են և հայտնաբերում վաղուց կատարված գողության փաստը, ինչն ինքնին հանցագործության բացահայտումը բարդացնող գործոն է:
– Երևան քաղաքի դատախազությունը վերջերս բարձրաձայնել էր գերեզմանատներում արձանագրված աղաղակող խախտումների մասին։ Դրանք վերաբերում են ինչպես գերեզմանատներում նոր գերեզմանատեղեր հատկացնելու իրավունքին, այնպես էլ հողազավթումներին։ Ինչպիսի՞ իրավիճակ է Գեղարքունիքի մարզում, արդյո՞ք ուսումնասիրություններ կատարվել են կամ կան այս ոլորտի հետ կապված քրեական գործեր։
– Այս ոլորտի հետ կապված քրեական գործեր չունենք, մարզի դատախազությունում կամ իրավապահ մարմիններում նման բնույթի խախտումների վերաբերյալ ահազանգեր և բողոքներ չեն ստացվել: Չմոռանանք, որ գերեզմանատներում նոր գերեզմանատեղեր հատկացնելու խնդիր մեծ հաշվով չկա, որովհետև գերեզմանոցների տարածքների սահմանափակվածության խնդիր էլ չկա: Սակայն ընդհանուր առմամբ հողատարածքների՝ նպատակային նշանակության օգտագործվելու խնդիրը ինչպես կոռուպցիոն գործերի, այնպես էլ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում մեր տեսադաշտում է:
– Ինչպիսի՞ն է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցուցանիշը մարզում։ Հատկապես կոռուպցիոն ի՞նչ բնույթի հանցագործություններ են բացահայտվել:
– 2021թ. ընթացքում գրանցվել է կոռուպցիոն հանցագործությունների 144 դեպք՝ 2020թ. 112 դեպքի դիմաց, որոնցից 59-ով հարուցվել է քրեական գործ: Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերն աճել են 32-ով կամ 28,6 տոկոսով: Դեպքերի աճը հիմնականում պայմանավորված են օպերատիվ և տեսչական մարմինների կողմից ձեռնարկված և իրականացված միջոցառումների, ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքում կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերմամբ:
Նախորդ տարվա համեմատ 2021 թվականի ընթացքում քննվել է 41,4 տոկոսով կամ 65 ավելի քրեական գործ:
Կոռուպցիոն բնույթի 14 քրեական գործ՝ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ընդ որում դատարան ուղարկված քրեական գործերի թիվը նախորդող տարվա համեմատ կրկնապատկվել է:
Դատի տրված անձանց շրջանակում են, օրինակ՝ տուն-ինտերնատի տնօրեն, սննդի անվտանգության մարզային տեսչական մարմնի ավագ տեսուչ, սոցիալական աջակցության տարածքային բաժնի վարիչ, համայնքների ղեկավարներ:
Բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների թվում գերակշիռ մաս են կազմում պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացնելը կամ վատնելը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և պաշտոնեական կեղծիքը, իսկ ոլորտների առումով՝ նման դեպքեր ավելի շատ պարզվել են կրթության ոլորտում՝ վարչարարություն իրականացնելիս, տեղական ինքնակառավարման մարմիններում՝ համայնքի միջոցների տնօրինման և հողային ու քաղաքաշինական օրենսդրության խախտումներով, սոցիալական աջակցության ոլորտում հատկացված միջոցների հափշտակում և այլն:
– Ինչպե՞ս եք պայքարում մարզի դատախազությունում կոռուպցիոն ռիսկերը վերացնելու ուղղությամբ։ Արդյո՞ք մարզի դատախազության դատախազները ենթարկվել են կարգապահական կամ այլ պատասխանատվության, եթե այո, ապա ի՞նչ բնույթի խախտումների համար:
– Կարող եմ վստահ ասել, որ մարզի դատախազությունում կոռուպցիոն ռիսկեր իսկապես չկան: Մենք այսօր, բարեբախտաբար, խոսում ենք նման ռիսկերը ոչ թե վերացնելու, այլ դրանց ի հայտ գալը թույլ չտալու մասին: Դրա համար իրականացվում է ամենօրյա վերահսկողություն ինչպես ուղղահայաց՝ վերևից ներքև, այնպես էլ զուգահեռ վեկտորներով: Դրա հրամայականն ընդգծվում է գործնականում ցանկացած խորհրդակցության ժամանակ, նաև՝ դատախազության կոլեգիայի նիստերի ընթացքում:
Մարզի դատախազության դատախազները նախորդ տարվա ընթացքում կարգապահական կամ այլ պատասխանատվության չեն ենթարկվել: Նախորդող տարիներին նման կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառվել են առանձին դատախազների նկատմամբ, սակայն 2021թ. այդ իմաստով խիստ օրինակելի է, ինչի համար ես իսկապես ուրախ եմ:
– Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի ժամկետները երկարացնելու միջնորդությունների քանակի և դրանց բավարարման դեպքերի աճը իրավապաշտպանները, փաստաբանները համարում են խնդրահարույց: Ինպիսի՞ն է պրակտիկան մարզում Ձեր դիտանկյունից, որքանո՞վ են հիմնավոր նման պնդումները:
– Նախորդ տարի քրեական գործերով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու 32 միջնորդություն է ներկայացվել դատարան: 2020թ. նման միջնորդությունները եղել են 44-ը: Կարծում եմ՝ նվազումն առավել քան նկատելի է և վկայում է այն մասին, որ թյուր է այն կարծիքը, թե կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է ոչ թե բացառության կարգով, այլ համատարած: Չկա նման երևույթ: Ուզում եմ ուշադրություն դարձնեք այն փաստին, որ կալանքի միջնորդությունների քանակական նվազումն արձանագրվել է ընդհանուր առմամբ արձանագրված հանցագործությունների դեպքերի աճի ֆոնին։
Բավարարվել է ներկայացված միջնորդություններից 16-ը կամ կեսը: Մեր հիմնական նպատակն այս ոլորտում դատախազության սահմանած չափորոշիչների կիրառմամբ միջնորդությունների հիմնավորվածության մակարդակի բարձրացումն է, ինչպես նաև դատարանում այդ միջնորդությունների պատշաճ ներկայացումը:
2021թ. ընթացքում 10 քրեական գործերով էլ կալանքի ժամկետը երկարացնելու 13 միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից 10 անձի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է, 2-ը մերժվել են: Իսկ մեկ քրեական գործով հսկող դատախազն է միջնորդությունը դատարանից հետ վերցրել՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալը մեկ այլ քրեական գործով ազատազրկման դատապարտվելով արգելանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում:
– Դատախազական և քննչական համակարգերից հոսքը դեպի փաստաբանություն մեծ է։ Կադրերի պակաս կա՞ Գեղարքունիքի դատախազությունում, թե՝ ոչ։
– Գեղարքունիքի մարզի դատախազությունում կադրերի պակաս չկա: Միայն 2021թ. ընթացքում մարզի դատախազությունում 4 նոր դատախազներ են նշանակվել, ինչը զգալիորեն ավելացրել է մեր ռեսուրսները և նպաստել դատախազների միջև ծանրաբեռնվածության ավելի բարենպաստ բաշխվածությանը:
Ես, իհարկե, չեմ բացառում, որ իրավապահ մարմիններից որոշակի հոսք կարող է լինել դեպի փաստաբանություն կամ այլ ոլորտ: Սակայն դա համընդհանուր երևույթ չէ: Կադրային շրջանառությունը բնական երևույթ է և հատուկ է բոլոր գործող համակարգերին: Այլ խնդիր է, որ պետական կառավարման համակարգում, առավելևս քննչական և դատախազական մարմիններում, ծանրաբեռնվածությանը, պատասխանատվությանը համարժեք վարձատրության ապահովումը էլ ավելի կնպաստեր կայունությանը:
– Վերջերս ՀՀ գլխավոր դատախազը գտնվում էր մարզում. ի՞նչ հիմնական խնդիրներ են դրվել մարզի դատախազության առջև նրա կողմից:
– Գլխավոր դատախազը ծանոթացել է մեր աշխատանքների արդյունքներին և ելնելով դրանցից՝ տվել է կոնկրետ հանձնարարություններ:
Մասնավորապես՝ շեշտվել է քաղաքացիների կողմից հանցագործության մասին տրվող հաղորդումները սահմանված կարգով գրանցելու գործընթացի նկատմամբ դատախազական հսկողությունն ուժեղացնելու խնդիրը: Բոլոր այն դեպքերում, երբ անձինք հաղորդում տալուց հետո հրաժարվում են դրանից կամ բացատրություններ տալուց, այսուհետ արժանանալու են դատախազների ուշադրությանը և ընդունելությունների կազմակերպմամբ պետք է պարզվեն նման վարքագծի պատճառները:
Բացի այդ, պետք է շեշտը դնենք ոչ միայն հանցագործությունների բացահայտման և գործերի արդյունավետ քննության համար նախաքննության և հետաքննության մարմիններին առարկայական, պատճառաբանված և թիրախային ցուցումներ, հանձնարարություններ տալու վրա, այլ նաև դրանց կատարման և ձևական պատասխանների բացառման: Դրանք պետք է ծառայեն նախանշված նպատակին:
Գլխավոր դատախազի կողմից նաև կարևոր ուղղություն է նախանշվել պետական շահերի պաշտպանության ուսումնասիրություններով, հայցերի հարուցման միջոցով պետությանը կամ համայնքներին պատճառված վնասների, համայնքների խախտված իրավունքների վերականգնումը:
Կարևոր է համարվել առհասարակ մարզի բնակչության, իսկ ըստ անհրաժեշտության՝ քրեական գործերով դատավարության մասնակիցների հետ կազմակերպվող ընդունելությունների ինտենսիվացումը: Առանձին դեպքերում դա կարևոր է որոշակի հարցերում դատախազի մոտ համոզմունքի ձևավորման և դրանից բխող դատավարական գործընթացներ իրականացնելու համար, իսկ շատ դեպքերում՝ քաղաքացիների, քրեական գործերին առնչվող անձանց կողմից բարձրացվող հարցերին երբեմն հենց անմիջական շփման միջոցով, պարզ մարդկային լեզվով տրվող պարզաբանումներով արձագանքելու, իսկ իրավական լուծումներ պահանջող դեպքերում՝ նաև դրանցից բխող նախաձեռնություններով հանդես գալու համար:
– Ինչո՞վ եք զբաղվում մասնագիտական գործունեությունից դուրս։ Ի՞նչ հոբբիներ ունեք։
– Ազատ ժամանակ, ինչը հաճախ չի ստացվում, սիրում եմ շախմատ խաղալ ընկերներիս հետ:
Իրավաբան.net-ը հարցազրույցների շարքն անցկացնում է Գլխավոր դատախազության համագործակցությամբ