Ռուսաստանի Դաշնության տարածքում հատուկ և ռազմական դրության սահմանում չի նախատեսվում: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ռուսական ավիաընկերությունների կին օդաչուների հետ հանդիպմանը. փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Պուտինն ընդգծել է, որ երկրում ռազմական դրություն է մտցվում արտաքին ագրեսիայի դեպքում, այդ թվում՝ ռազմական գործողությունների կոնկրետ ոլորտներում։
«Մեզ մոտ նման իրավիճակ չկա, հուսով եմ՝ չի լինի: Ինչ վերաբերում է արտակարգ դրությանը, ապա այն սահմանվում է որոշ լայնածավալ ներքին սպառնալիքների դեպքում։ Արտակարգ ռեժիմը, որպես կանոն, ներդրվում է տեխնածին աղետների, բնական աղետների դեպքում, փառք Աստծո, նման բան էլ չկա, մենք չենք նախատեսում Ռուսաստանի Դաշնության տարածքում որևէ հատուկ դրույթ մտցնել»- ասել է նա և հավելել, որ ռուսական հասարակությանը ցնցելու փորձեր են արվում։
______
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։