Համոզված եմ, շուտով մենք կկարողանանք մեր ժողովրդին ասել՝ վերադարձե՛ք, որովհետև սպառնալիքն այլևս չկա․ Զելենսկի

Համոզված եմ, որ շուտով մենք կկարողանանք մեր ժողովրդին ասել՝ վերադարձե՛ք։ Վերադարձեք Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից և մնացած բոլոր երկրներից։ Վերադարձեք, որովհետև սպառնալիքն այլևս չկա։

Այս մասին մարտի 5-ին՝ շաբաթն օրն իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մեզ հաջողվեց կանխել սահմանին հումանիտար ճգնաժամը։ Մեզ հաջողվեց այնպես կազմակերպել իրավիճակը, որ հազարավոր ուկրաինացի կանայք և երեխաներ արժանապատիվ վերաբերմունք ստանան։ Ոչ ոք չի հարցնում, թե ինչ ազգություն են, ինչ հավատք ունեն, որքան գումար ունեն։ Իրականում մենք այլևս սահման չունենք բարեկամ Լեհաստանի հետ, քանի որ միասին մենք բարու կողմում ենք, հարցը սահմանները չեն»,- ասել է պետության ղեկավարը։

Նա ասել է, որ գիշերը խոսել է Ֆրանսիայի և Լեհաստանի նախագահների հետ։ Զելենսկու խոսքով՝ նման խոսակցություններն ամենօրյա են, իսկ փոխգործակցությունը՝ մշտական։

«Ես անչափ շնորհակալ եմ նրանցից յուրաքանչյուրին, ինչպես նաև Անջեյին (Դուդին- խմբ.) մեր ընդհանուր գործին` մարդկանց պաշտպանելուն իր վճռականության և նվիրվածության համար: Շնորհակալություն Անջեյի կնոջը՝ Ագատային։ Ընկերներ, որոնց ես անկեղծորեն ընկերներ եմ համարում»,- ընդգծել է պետության ղեկավարը։

______

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել