Պեսկովը՝ սպասվող բանակցությունների մասին

Ռուսական պատվիրակությունը բանակցությունների նոր փուլի վայր կժամանի չորեքշաբթի կեսօրին և պատրաստ կլինի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:

«Այսօր օրվա երկրորդ կեսին, երեկոյան մոտ մեր պատվիրակությունը կլինի տեղում: Կսպասենք ուկրաինացի բանակցողներին: Մեր պատվիրակությունը պատրաստ կլինի շարունակել զրույցն այսօր երեկոյան»,- ասել է Պեսկովը:

Նոր հանդիպման վայրի մասին ճշտող հարցին Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է, որ նախապես չի անվանի։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլ կանցկացվի Բելառուսի տարածքում՝ Բելովեժսկայա Պուշչայում։

Կրեմլը հույս ունի, որ ուկրաինական կողմը կգա բանակցությունների ռուսական պատվիրակության հետ, սակայն որևէ կանխատեսում չի անի այս գործընթացի հեռանկարների վերաբերյալ։

Պեսկովը նաև ասել է, որ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին կշարունակի գլխավորել ռուսական պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցություններում։

__________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել