Ռուսաստանում խափանում է նկատվում Meta-ին պատկանող Instagram և Facebook սոցիալական ցանցերի աշխատանքում։ Այս մասին հաղորդվում է Downdetector ծառայության կայքում, որը վերահսկում է հանրահայտ ինտերնետային ռեսուրսների աշխատանքը։
10:01-ի դրությամբ Instagram-ի խափանումների մասին 1990 հաղորդում է եղել: Խնդիրներ գրանցած օգտատերերի մեծ մասը (83%) բողոքել է հավելվածից, 10%-ը չի կարողացել մուտք գործել պրոֆիլ, 7%-ը դժգոհել է կայքի հետ կապված խնդիրներից։
Խնդիրների վերաբերյալ բողոքները հիմնականում գալիս են Մոսկվայի, Ուֆայի և Պերմի օգտատերերից:
Մոսկվայի ժամանակով ժամը 10:09-ի դրությամբ գրանցվել է Facebook-ի խափանումների 131 հաղորդում: Օգտատերերի մեծ մասը (66%) բողոքել է կայքի խափանումներից, 24%-ը հայտնել է հավելվածի հետ կապված խնդիրների մասին, իսկ 11%-ը դժվարացել է մուտք գործել: Ամենաակտիվ խափանումները գրանցվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Չելյաբինսկում և Եկատերինբուրգում։
«ՏԱՍՍ»-ը հարցում է ուղարկել ընկերությանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։