Զելենսկին հրաժարվել է Բելառուսում բանակցել Ռուսաստանի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այլ քաղաքները կարող են հարթակ լինել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար, բայց ոչ Բելառուսը, քանի որ, ըստ նրա, այդ Հանրապետության տարածքից ագրեսիվ գործողություններ են տեղի ունենում։

«Հիմա մենք ասում ենք՝ ոչ Մինսկը, հանդիպման համար այլ քաղաքները կարող են հարթակ լինել, իհարկե, մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք հանդիպել, ուզում ենք պատերազմի ավարտը։ Վարշավա, Բրատիսլավա, Բուդապեշտ, Ստամբուլ, Բաքու․․․

Սա այն ամենն է, ինչ մենք առաջարկել ենք ռուսական կողմին: Մի երկրում, որի տարածքից հրթիռներ չեն թռչում: Միայն այս կերպ բանակցությունները կարող են լինել ազնիվ և իսկապես կարող են վերջ տալ պատերազմին»,- գրել է Զելենսկին իր Տելեգրամի ալիքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվայի պատվիրակությունն արդեն Գոմելում է։

Պատվիրակության կազմում եղել են արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և մի շարք այլ գերատեսչությունների, ինչպես նաև պետության ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչներ։

Բելառուսի ԱԳՆ-ն, իր հերթին, նշել է, որ իրենք նախապատրաստել են հանդիպման համար անհրաժեշտ ամեն ինչ և այժմ զբաղված են արարողակարգային հարցերի լուծմամբ:

Ավելի վաղ Զելենսկին առաջարկել էր նստել բանակցությունների սեղանի շուրջ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է իր պատվիրակությանը ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։

Ավելի ուշ Պեսկովն ասել էր, որ ուկրաինական կողմը հայտարարել է Մինսկում Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ վարելու գաղափարի վերանայման մասին՝ ընտրելով Վարշավան:

__________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել