Այսօր Հայաստանում օնկոլոգիական ծառայությունները բարձիթողի վիճակում են․ Խաչատուր Բադալյան

Առողջապահության ազգային ինստիտուտը և հայ ուռուցքաբանների ասոցիացիան ամեն տարի փետրվար ամսին Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված կոնֆերանս են կազմակերպում։ Այս տարի այն անցկացվել է Սոչիում, ինչը անհասկանալի էր Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական հիվանդություններ և ժամանակակից վիրաբուժական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» ԲԿ վիրաբույժ, օնկոլոգ, բ․գ․դ․, պրոֆեսոր Խաչատուր Բադալյանի համար։

Բժշկի խոսքով՝ ՀՀ-ում որակյալ օնկոլոգիական ծառայություններ չեն մատուցվում և կոնֆերանսը պետք է խթան դառնար, որպեսզի խնդիրների մասին խոսվեր։

«Տրամաբանական բացատրություն չկա, թե ինչու է այն Սոչիում անցկացվել։ Ֆինանսական տեսակետից, եթե մեր մարզերից մեկում անցկացվեր կոնֆերանսը, ինչ-որ ձևով կօգնեինք տեղի ձեռնարկատերերին։ Ցանկություն հայտնեցի մասնակցել միջոցառմանը։ Պետք է քննարկվեին այն առաջնային խնդիրները, որոնք վերաբերում են թեմային։ Կոնֆերանսի ժամանակ քննարկվող թեման հիմնականում կրծքագեղձն էր եղել, մի քանի թեմա էլ գինեկոլոգիա և լապարասկոպիկ վիրահատություններ»,-նշում է Խաչատուր Բադալյանը։

Բժշկի խոսքով՝ լապարասկոպիկ վիրաբուժությունը բեկումնային համարվում է վիրաբուժության ոլորտում և շատ հաճախ փոխարինում է ավանդական վիրաբուժությանը: Այն վիրաբուժական տարբեր միջամտությունների դեպքում ապահովում է առավել բարձր ճշգրտություն և առավել որակյալ արդյունք: Միևնույն ժամանակ, լապարասկոպիկ վիրաբուժությունը պահանջում է վիրաբույժի կողմից առավել բարձր հմտություն և նմանատիպ վիրահատությունների իրականացման համար նախատեսված բժշկական սարքավորումների հետ աշխատելու փորձ:

Նրա խոսքով՝ թեմաներ է ներկայացրել, որոնք անմիջական առնչություն ունեն օնկոլոգիայի հետ, սակայն դրանք չեն ընդունվել, ինչի պատճառով բժիշկը չի մասնակցել դրան։

«Կարո՞ղ եմ ուղիղ հարց տալ, թե ինչ կրիտերիաներով են որոշում թեմաների հետաքրքրությունը։ Ի՞նչ չափանիշներով են որոշում, թե ծրագիրը ինչպես է կազմվում։ Ո՞նց է որոշվում, թե որ պրոբլեմն է ավելի հետաքրքիր և կարևոր Հայաստանում օնկոլոգիական ծառայությունների զարգացման համար»,-հարցնում է բժիշկը ու հավելում՝ անցած տարվա կոնֆերանսին մասնակցել է, թեմաները նույնն են եղել։

Ըստ նրա՝ այսօր Հայաստանում օնկոլոգիական ծառայությունները բարձիթողի վիճակում են։

«Իմ կարծիքով՝ կարևոր է նախարարության կողմից վերահսկողության հարցը։ Եթե մենք խոսում ենք պետական մակարդակով ծառայության զարգացման մասին, ապա մոտեցումը պետք է սիստեմատիկ դառնա ու համապատասխանի միջազգային ստանդարտներին։ Կոչ եմ անում ավելի հետևողական մոտեցում ցուցաբերել»,-նշում է պրոֆեսորը։

Ըստ նրա՝ լյարդի, ենթաստամոքսային գեղձի պաթոլոգիաները բավականին ծանր են, իսկ ՀՀ-ում չկա ժամանակակից մոտեցում ինչպես կանխարգելման, այնպես էլ սկզբնական էտապում օնկոլոգիայի հայտնաբերման ու մնացած քայլերի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել