Գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար ընդունվում են Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում արտադրված և Հայաստանի Հանրապետությունում շահագործման մեջ գտնվող ավտոտրանսպորտային միջոցները:
Գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները պետք է գտնվեն տեխնիկապես սարքին վիճակում:
Գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար հանձնվող (ընդունվող) ավտոտրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1) ավտոտրանսպորտային միջոցների թափքը, դրա կրող հիմնակմախքը, ավտոբուսի կտուրը և կանգնակները չպետք է ունենան ճաքեր, մեխանիկական վնասվածքներ, միջանցիկ քայքայումներ (կոռոզիաներ), հատկապես բալոնների ևգազաբալոնային սարքավորումների հետագա ամրացման տեղերում.
2) բալոնների և այլ հանգույցների ամրացման տեղերում նորոգման ներգործություններ (լրացուցիչ եռակցման կարեր, հարթությունների տարբեր մակարդակներ) չի թույլատրվում:
Բենզինային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների կայծային վառոցքի համակարգը պետք է լինի տեխնիկապես սարքին վիճակում: Դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների մոտ բարձր ճնշման վառելիքի պոմպը պետք է ունենա շարժիչի ծնկավոր լիսեռի պտտման հաճախականության երկռեժիմային կարգավորիչ:
Բարձր ճնշման վառելիքի պոմպերը պետք է ստուգվեն և անհրաժեշտության դեպքում կարգավորվեն համապատասխան ստենդի վրա: Դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների մոտ պետք է ստուգվեն բոցամուղերի փակիչ կոնի հերմետիկությունը, ասեղի բարձրացման սկզբի ճնշման մեծությունը, փոշիացման որակը: Անհրաժեշտության դեպքում դրանք պետք է նորոգվեն կամ փոխարինվեն նորերով:
Բարձր ճնշման վառելիքի պոմպերի, ինչպես նաև բոցամուղերի փակիչ կոնի հերմետիկության, ասեղի բարձրացման սկզբի ճնշման մեծության, փոշիացման որակի ստուգման և կարգավորման արդյունքները պետք է նշված լինեն ակտում և ցուցմունքների գրանցված թվային արժեքները պետք է համապատասխանեն արտադրող կազմակերպության կողմից սահմանված նորմերին:
Ակտը պետք է ստորագրվի տեխնիկական ծառայության կողմից և վավերացվի ավտոտրանսպորտային միջոցը վերասարքավորման հանձնող կազմակերպության ղեկավարի (սեփականատիրոջ) կողմից:
Գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար հանձնվող ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան վառելիքի բաքում պահուստային վառելիքի քանակություն, ոչ պակաս`
1) թեթև մարդատար ավտոմոբիլները և միկրոավտոբուսները` 5 լ.
2) մինչև 10 տ լրիվ զանգվածով բեռնատար, մասնագիտացված և հատուկ ավտոմոբիլները` 10 լ.
3) ավտոբուսները և 10 տ գերազանցող լրիվ զանգվածով բեռնատար, մասնագիտացված և հատուկ ավտոմոբիլները` 15 լ:
Գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար ընդունված ավտոտրանսպորտային միջոցները պետք է լինեն մաքուր: Հատկապես մանրակրկիտ պետք է մաքրված լինեն գազաբալոնային սարքավորումների ամրացման տեղերը (ավտոբուսի թափքը, շարժիչային և ուղեբեռային հատվածամասերը, ավտոմոբիլի շրջանակը, թափքի հատակը):
Գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար հանձնվող ավտոտրանսպորտային միջոցների շարժիչների սնման համակարգերը պետք է կարգավորված լինեն ըստ արտանետվող գազերում թունավոր բաղադրիչների պարունակության ցուցանիշների և համապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Թեթև մարդատար ավտոմոբիլները և ֆուրգոն թափքով բեռնատարները (բալոնները թափքի ներսում տեղադրելու դեպքում) գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար ընդունվում են անկախ դրանց թափքի տեսակից` այն պայմանով, որ գազի հնարավոր արտահոսքի դեպքում կապահովվի բալոնների տեղադրման գոտիներից դրա երաշխավորված հեռացումը` գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի սահմաններից դուրս:
Ավտոբուսները գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար ընդունվում են, եթե դրանք ունեն արտադրող կազմակերպության կողմից սեղմված բնական գազով աշխատելու համար նախատեսված գազաբալոնայինի վերափոխված տարբերակ կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպության կողմից մշակված տեխնիկական փաստաթղթերին համապատասխան գազաբալոնայինի վերափոխված և սահմանված կարգով փորձարկում անցած ու ընդունված փորձնական նմուշ:
Բեռնատար, մասնագիտացված և հատուկ ավտոմոբիլները, որոնք ունեն փայտյա հարթակ կամ ֆուրգոն, չպետք է ունենան լայնակի և երկայնակի զուգափայտերի, հատակի տախտակների վնասվածքներ: Մետաղական հարթակները կամ ֆուրգոնները գազաբալոնային սարքավորումների ամրացման գոտիներում չպետք է ունենան մեխանիկական վնասվածքներ:
Գազաբալոնային սարքավորումների ամրացման տեղերում ավտոտրանսպորտային միջոցների շրջանակները չպետք է ունենան ճաքեր, գամային միացումներում թուլացումներ և մեխանիկական վնասվածքներ: