Դատական իշխանությունը կյանքի է կոչվում արդարադատության իրականացմամբ, որի կրողները դատավորներն են, և յուրաքանչյուր դատավոր ինքն իր գործով իրականացնում է արդարադատություն՝ լինելով անկախ, հիմնվում է բացառապես իր ներքին համոզմանը, Սահմանադրությանը և օրենքներին:
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանը՝ խոսելով Դատական և իրավական ռազմավարության դատական համակարգին վերաբերելի նպատակների մասին։
«Սա ինչու եմ ասում, որովհետև, իմ պատկերացմամբ, «դատական իշխանությունը կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ լինելու» թեման ուղղակիորեն պայմանավորված է դատավորների անձնային հատկանիշների և բարեվարքության հետ, քանի որ դատական իշխանությունը՝ անկախ, անաչառ և հիերարխիկ աստիճանակարգությամբ չօժտված դատավորների ամբողջական համակարգ է»,-նշեց դատավորը։
Նրա կարծիքով՝ օբյեկտիվորեն հնարավոր չէ խոսել դատական իշխանության հեղինակության և նրա նկատմամբ ունեցած վստահության մասին՝ յուրաքանչյուր դատավորի հատկանիշների գնահատականից կտրված:
«Քանի որ այսօրվա դատական իշխանությունը կրող դատավորների մեծ մասը արդարադատության իր առաքելությունը կատարել է մինչև ռազմավարության մշակումը և ներկայումս էլ շարունակում է կատարել, և հաշվի առնելով, որ եթե չեմ սխալվում՝ սկսած ռազմավարությունը մշակելու պահից մինչ օրս ընդամենը մեկ, երկու դեպք ենք ունեցել, երբ թերևս դատական կարգով վերջնականապես չգնահատված փաստերի հիման վրա արձանագրվել են դատավորների կողմից ցուցաբերված հնարավոր կոռուպցիոն դրսևորումներ, կարող ենք միայն եզրակացնել, որ տեսանելի և ռազմավարության ծրագրով ակնկալվող փոփոխություններ չեն եղել: Նման առանձին դրսևորումներ նույն հաճախականությամբ լինում են ամենազարգացած պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Եվրոպական երկրներում, սակայն իմ պատկերացմամբ՝ ցանկացած պետությունում այս ոլորտում կարևորագույն խնդիրը՝ համակարգային կոռուպցիայի և հովանավորչության բացակայությունն է և, իմ գնահատմամբ, մեր երկրի դատական իշխանությունում ներկա պահին համակարգային կոռուպցիա և հովանավորչություն չկա:»,-ասաց դատավորը:
Հովիկ Շահնազարյանի կարծիքով՝ նման արատավոր երևույթների դեմ պայքարում արդյունքի հասնելու համար ոչ այնքան կարևոր են ռազմավարական ծրագրերը, որքան նախանշված նպատակներին դրանց փաստացի ծառայեցնելը: Օրինակ՝ եթե ներդրվում է դատավորներին գնահատելու մեխանիզմ, ապա առաջնահերթ կարևորն այն չէ, թե ռազմավարության ծրագրով նախանշված ժամկետում ներդրվում են այդ մեխանիզմները կամ չափորոշիչները և ստեղծվում է դրանք կիրառող մարմինը, թե՝ ոչ, կարևորն այն է, թե դրա արդյունքում հասնում ես այդ նպատակին, թե՝ ոչ, մասնավորապես՝ արդյո՞ք դրա կիրարկման արդյունքում արձանագրվում են դեպքեր, երբ համակարգում ոչ արհեստավարժ և իրենց պաշտոնին չհամապատասխանող դատավորներն արդարացիորեն բացահայտվում են, իսկ ամենավտանգավորը՝ երբ ծրագրի շրջանակներում արատավոր երևույթների դեմ պայքարելու, դատական իշխանության անկախության և անաչառության որակների բարձրացման համար ներդրված մեխանիզմները կարող են ծառայել բոլորովին այլ նպատակների:
«Ամենակարևոր և առաջնային քայլը, որը պետք է արվեր այս ռազմավարության շրջանակներում՝ դատավորների ֆինանսական և սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներն էին, այդ թվում՝ դատավորի աշխատավարձի դրույքաչափի կտրուկ բարձրացումը, որը, մինչ օրս տեղի չի ունեցել: Իմ կարծիքով, այս հարցը պետք է լուծվեր առաջնահերթ, և քանի դեռ այս հարցին լուծում չի տրվել, ծրագրով նախատեսված մյուս միջոցառումները չեն կարող լիարժեք ծառայել իրենց նպատակներին և կյանքի կոչվել: Սրա վառ ապացույցը՝ բավականին մեծ հեղինակություն և բարի համբավ ունեցող դատավորների՝ համակարգից դուրս գալու և մասնավոր ոլորտում աշխատանքի անցնելու ցանկությունն է, ի դեպ, մի քանի անգամ ավել վարձատրվելու և տաս ու ավել անգամ քիչ աշխատանք կատարելու անհամեմատ լավ վիճակում գտնվելու իրատեսական ակնկալիքով: Ասածիցս հետևում է, որ քանի դեռ մենք եղած լավը չենք կարողանում պահել և բարձր գնահատել, նոր ոչինչ չենք կարող կառուցել կամ նոր կառուցածն առնվազն ամուր հիմքեր չեն ունենա»,-նշում է դատավորը։
Ըստ նրա՝ դատական իշխանության անկախության ամրապնդման համար անհրաժեշտ է ընդլայնել Դատավորների ընդհանուր ժողովի լիազորությունները, և այն լիազորությունները, որոնք այսօր ամրագրված են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և առաջին հերթին պետք է ներդնել Բարձրագույն դատական խորհրդի և դատավորների միջև փոխադարձ վստահության և հեղինակության բարձրացման մեխանիզմներ և թույլ չտալ նրանց միջև կառուցել այնպիսի անջրպետ, որը կթուլացնի դատական իշխանությունը:
Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ռազմավարական ուղղություններից է նաև դատավորներին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջազգային չափանիշներին համապատասխան հիմքերի և ընթացակարգերի ներդնումը։
Խոսելով այս մասին՝ դատավորը մանրամասնեց․ «Ինքս հանդիսանալով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ՝ շատ կարևոր եմ համարում ռազմավարության ծրագրի շրջանակներում հանձնաժողովի կազմում բացի դատավորներից երկու դատավոր չհանդիսացող անդամների ընդգրկելու առաջադեմ քայլը: Ճիշտ է, սկզբում դատավորների կողմից այս նորությունը միանշանակ չէր ընկալվում, անկեղծ լինեմ, ես նույնպես թերահավատորեն էին լցված այս փոփոխության նկատմամբ, սակայն արդեն մեկ ու կես տարուց ավել հանձնաժողովում ոչ դատավոր անդամներ Դավիթ Հակոբյանի, Սյուզաննա Սողոմոնյանի, իսկ ներկայումս՝ Հարություն Հարությունյանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում եկել եմ այն համոզման, որ դա ճիշտ քայլ էր, քանի որ այս փոփոխությամբ վերացվեցին ոչ միայն դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում դատական համակարգի հաշվետվողականության հետ կապված կասկածները և ներկայումս լիարժեք ապահովվում է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացի թափանցիկությունը, այլև որոշ հարցերի հանձնաժողովը սկսեց վերաբերվել՝ հաշվի առնելով նաև ոչ դատավոր անդամների՝ անմիջապես հասարակությունից եկող և հասարակության հետ ավելի ազատ շփման արդյունքում ունեցած փորձը, մասնավոր ոլորտի գիտելիքները և մոտեցումները:
Այսինքն՝ այլևս իրականության հետ աղերս չունի մինչև այս փոփոխությունը հնչեցվող այն կարծիքը, որ նախկին կարգավորումը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցում կորպորատիվ մոտեցման սպառնալիք է ստեղծում, ի դեպ, այդ մասին նշել է նաև Վենետիկի հանձնաժողովը, այսինքն՝ ներկայումս հանձնաժողովի երկու ոչ դատավոր անդամները, ի թիվս այլնի, իրենց «հանրության հսկող աչքի» գործառնական նշանակությամբ միանշանակ լուծում են հանձնաժողովի աշխատանքի թափանցիկության խնդիրը»։
Շահնազարյանի կարծիքով՝ վերը նշված դրական փոփոխության հետ միաժամանակ պետք է հետևեր Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորության դադարեցումը, առավել ևս, այս պահին, երբ ձևավորված հանձնաժողովի պրոֆեսիոնալ կազմի աշխատանքը տեսանելի է և ունենք միջազգային կառույցների կողմից նախարարի նման լիազորության շուրջ խիստ բացասական զեկույցներ, մասնավորապես՝ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա N18 Կարծիքում (տե՛սՙ 136), Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն ունի ավելի բազմազան կազմ, քան իր նախորդը, ապա կարելի է ենթադրել, որ նախարարի լիազորությունները կարող են աստիճանաբար դադարեցվել նոր համակարգի գործարկումից հետո, ուստի առաջարկել է վերանայել Արդարադատության նախարարության դերը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներում, իսկ 12 դեկտեմբեր 2019. GrecoRC4 (2019)21 GRECO-ն իր երկրորդ զեկույցում ափսոսանք է հայտնել, որ արդարադատության նախարարը դեռևս ունի այս գործառույթը և GRECO-ի դիրքորոշումը մնում է այն, որ կարգապահական վարույթում արդարադատության նախարարի դերը պետք է դադարեցվի:
«Բնավ համաձայն չեմ Հանձնաժողովի աշխատանքի որակը՝ հարուցված և ԲԴԽ ուղարկված կարգապահական վարույթների թվով պայմանավորելու դիտարկումների հետ, և ուզում եմ ընդգծել, որ Հանձնաժողովի աշխատանքի որակը չի կարող պայմանավորվել կարգապահական վարույթների և Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություններ ներկայացնելու մաթեմատիկական թվաբանությամբ՝ զուտ քանակական ցուցանիշով, և պետք է արձանագրենք, որ դատավորներն այն սուբյեկտները չեն, որոնց նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների թիվը՝ անկախ վարույթի հարուցման հիմքերի որակից, կարող է նպաստել անկախ և անաչառ դատական իշխանության ամրապնդմանը, և պետք է ընդունենք այն իրողությունը, որ առանց բավարար հիմքերի՝ հետագայում կարճված կամ մերժված վարույթները, այնուամենայնիվ, օբյեկտիվ իրականության մեջ ինքնին համարվում են դատական իշխանությանն անուղղակիորեն միջամտող գործիքներ, ուստի այս հարցում պետք է ցուցաբերել մաքսիմալ պրոֆեսիոնալ և զգայուն մոտեցում, ինչին կարելի է հասնել միայն կոլեգիալ մարմնի մասնագետ անդամների որակյալ կազմով, և հենց այս տրամաբանության վրա են կառուցվել միջազգային կառույցների զեկույցները՝ Հանձնաժողովի նոր կազմի ձևավորումից հետո նախարարի լիազորությունների դադարեցման մասին: Առաջին հայացքից թվում է, թե հարուցված վարույթի շրջանակներում կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքի մերժումն կամ վարույթի կարճումը դատավորի գործունեության վրա բացասական ազդեցություն չի թողնում, սակայն իրականում՝ դա դատավորին, անշուշտ, անհանգստություն է պատճառում, այն էլ՝ այսպիսի ծանրաբեռնվածության պայմաններում, երբ երբեմն առանց հանգստյան օրերի ու ժամերի աշխատելուց զատ՝ ավելանում են նաև անձնական պատասխանատվության ենթարկելու վտանգն ու աշխատանքը չգնահատվելու զգացողությունները, ինչը պարզապես չի կարող չանդրադառնալ դատավորի աշխատանքի որակի և արդյունավետության վրա»,-ասաց նա:
Դատավորը նաև ըդնգծեց, որ կարգապահական վարույթ հարուցելու և դրա ընթացքի վերաբերյալ օրենսդրական կարգավորումներով անտեսվել է այն իրողությունը, որ վարույթ հարուցող մարմինները, ունենալով միևնույն լիազորությունները, ունեն նաև միևնույն նպատակները, այսինքն՝ պետք է գործի նրանցից յուրաքանչյուրի կողմից մյուսի կայացրած որոշման նկատմամբ ոչ միայն հարգանքի սկզբունքը, այլ յուրաքանչյուրի որոշման իրավաչափ լինելու կանխավարկածը:
«Վերը նշված իմաստով խիստ բացասական եմ վերաբերվում օրենսդրական այն հնարավորությանը, որի միջոցով դատավորները կարող են միևնույն արարքի համար երկու անգամ հայտնվել երկու լիազոր մարմնի կողմից հարուցած վարույթի թիրախում: Մի բան է, երբ անձի հաղորդումը քննության է առնվում և դրական կամ բացասական լուծում է ստանում վարույթ իրականացնող մարմիններից մեկի կողմից, մեկ այլ բան է, երբ նույն հարցը կարող է քննության առնվել վարույթ հարուցող երկու մարմնում միաժամանակ՝ ըստ հաջորդականության:
Այսպես, ռազմավարական ծրագրի շրջանակներում կատարված փոփոխության արդյունքում վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե վարույթ հարուցած նույն մարմինը նախկինում նույն արարքի համար նույն անձի նկատմամբ չի հարուցել կարգապահական վարույթ կամ կարճել է հարուցված կարգապահական վարույթը:
Ի՞նչ է ստացվում. միևնույն իրավաչափ նպատակներին ծառայող մարմնի կայացրած որոշումը կասկածի տակ է դրվում մյուս՝ նույնպիսի իրավաչափ նպատակների և արժեքների ծառայող մարմնի կողմից: Սա, իմ գնահատմամբ, պարզապես իրավական որոշակիության սկզբունքի և միևնույն արարքի համար երկակի քննության ենթարկվելու արգելքի բոլոր պահանջներին հակասող ու դատավորի անկախության սկզբունքը խաթարող կարգավորում է:
Ըստ իս, եթե դատավորի վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվում նման լիազորությամբ օժտված մարմնի կողմից, ապա, ինչպես մյուս մարմնի վարույթում առկա նույն հարցի քննության վարույթի կասեցման մասին օրենսդրական կարգավորման նպատակն է, այնպես էլ նույն տրամաբանությամբ այդ մարմնի կողմից տրված լուծումը պետք է լինի վերջնական: Հակառակ դեպքում՝ կարող ենք ունենալ միևնույն դատավորի հետ կապված միևնույն հարցի շուրջ երկու հակասող որոշումներ և այդ դեպքում անկողմնակալ դիտորդի տեսանկյունից ոչ մի որոշում չի կարող ապահովել արդարացիության և օբյեկտիվության չափանիշները, օրինակ՝ կարող ենք բախվել մի իրավիճակի, երբ Հանձնաժողովը հարուցած վարույթը կարճելու մասին որոշում կայացնի, կարճելուց հետո Նախարարը հարուցի վարույթ և հետագայում ԲԴԽ դատավորին պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացնի, այն դեպքում, երբ այդ որոշումը կայացրել է ոչ թե մեկ անձ, այլ Հանձնաժողովը՝ վեց դատավորի և երկու իրավաբան-գիտնականի կազմով, և կարող է տեղի ունենալ հակառակը:
Գնահատեք ինքներդ՝ արդյո՞ք նման իրավիճակը համահունչ է ժողովրդավարական հասարակության և իրավական պետության պահանջներին և արդյո՞ք այս դեպքում չեզոքացված է դատական իշխանության վրա հնարավոր ազդելու հավանականությունը և արդյո՞ք նման հնարավորության պայմաններում երաշխավորված է դատավորի անկախությունն ու բացառված է նրա գործերին անուղղակի միջամտությունը»-մանրամասնում է Հովիկ Շահնազարյանը:
Այն հարցին՝ արդյո՞ք դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը համապատասխանեցվել են կոռուպցիայի հաղթահարման նպատակին, նա պատասխանեց, որ դատավորների՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրի վերլուծության արդյունքում հայտնաբերված խնդիրների հիման վրա կարգապահական վարույթ հարուցելը, զուտ դատավորի բարեվարքությունն անհրաժեշտության դեպքում բազմակողմանիորեն գնահատելու տեսանկյունից, ողջունելի քայլ է այն իմաստով, որ այս հիմքով դատավորը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել այդ ոլորտում մասնագիտական գիտելիքներով օժտված մարմնի կողմից, քանի որ մյուս երկու վարույթ հարուցող մարմիններն այդպիսի տեղեկությունների և այդ ոլորտում մասնագիտական գիտելիքների մանրամասն չեն տիրապետում:
«Հատկապես կարևոր է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ վարույթի հարուցման շրջանակներն ընդգծելը: Ավելորդ չեմ համարում նշել, որ ինչպես կատարված փոփոխության ժամանակ, այնպես էլ նախկինում դատավորները մշտապես անցել են բարեվարքություն՝ իրենց կողմից հրապարակված հայտարարագրերում նշված տեղեկությունները հրապարակայնացնելու միջոցով, և եթե դրա հետ կապված հանրությունն ուներ կասկածներ, ապա հաղորդման հիման վրա դատավորի վարքագծի կանոնի խախտում կարող էին արձանագրել նաև մյուս երկու մարմինները:
Միևնույն ժամանակ, կիսում եմ միջազգային պրակտիկայում ապացուցված այն մոտեցումը, որ գույքի հայտարարագրման հետ կապած խախտումները հանդիսանում են ավելի ծանր բնույթի կարգապահական խախտումներ, որոնք կարող են հանգեցնել ընդհուպ մինչև դատավորի լիազորությունների դադարեցմանը և այդ հարցով պետք է զբաղվի ավելի մասնագիտացված մարմինը, որի միջոցով առավել արդյունավետ կարելի է հասնել ռազմավարությամբ բարձրացված նպատակներին: Հատկապես կարևոր է ընդգծել, որ այս վարույթում հնարավորություն է տրվում դատավորին հիմնավորելու հնարավոր սխալ հայտարարագրի ներկայացումը կամ գույքի փոփոխության՝ օրինական եկամուտներով տեղի ունենալու հանգամանքը, ինչը դատավորի իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք եմ համարում»,-ասաց նա:
Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված է նաև, որ պետք է քայլեր կատարվեն՝ հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված։
Նրա խոսքով՝ հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա վստահության բարձրացման առումով ծրագրի գրավականներից էր՝ համակարգ ոլորտի առաջատար մասնագետների մուտքը խթանելը, սակայն իրողությունն այն է, որ դատավորների թափուր տեղերի համար անընդհատ հայտարարվում են արտահերթ համալրման քննություններ, և դատավոր դառնալու ցանկություն են հայտնում բավականին նվազ քանակությամբ իրավաբաններ, ավելին՝ նրանց մեծ մասն անգամ չի հաղթահարում գրավոր թեստային առաջադրանքների լուծման փուլը՝ չհավաքելով նվազագույն միավորներ, այնինչ նախկինում գրավոր քննությունը եղել է ավելի բարդ, քանի որ գրավոր քննությունը չի ենթադրել նախապես առկա թեստի ճիշտ պատասխաններ:
«Սա վկայում է այն մասին, որ դատական իշխանությունը կադրերի համալրման տեսանկյունից կորցրել է իր գրավչությունը, և հիմնականում ոչ պրոֆեսիոնալ կադրերի կողմից է ցանկություն հայտնվում դառնալ դատավոր: Դրա պատճառներից են՝ դատավորների բավարար սոցիալական և ֆինանսական երաշխիքների բացակայությունը, գերծանրաբեռնվածությունը և այլն: Ուստի չենք կարող արձանագրել, որ ծրագրով նախատեսված այս նպատակն իրագործվել է: Սա իրոք մտածելու բան է, և այս հարցի լուծման որակից է մեծամասամբ կախված լինելու ռազմավարության ծրագրի հիմքում դրված սկզբունքների կիրարկման արդյունավետությունը»,-ասաց Շահնազարյանը:
Անդրադառնալով դատական իշխանության և հանրության միջև համագործակցությունն ու արդյունավետ հաղորդակցությունը ապահովելուն՝ դատավորը նշում է, որ չի կարող արձանագրել որևէ առաջընթաց և իր համար տեսանելի քայլեր չեն եղել:
«Հակառակը՝ դատական իշխանության դրական զարգացումները հրապարակելու և դրական գնահատելու փոխարեն, իրականության մեջ, հատկապես՝ լրատվական միջոցներում հաճախ տեղ են գտնում սուբյեկտիվ գնահատականներով օժտված այնպիսի տեղեկություններ, որոնք չեն արտացոլում ներկայումս դատական իշխանությունը կրող դատավորների իրական և արդարացի գնահատականը: Ճիշտ չեմ համարում որևէ կերպ դատավորի կայացրած դատական ակտի ելքից կախված՝ նրա կողմից իրականացրած արդարադատության որակի նկատմամբ բացասական վերաբերմունքը, որովհետև արդարադատության արդյունքը միշտ էլ լինելու է կողմերից մեկի համար ոչ բարենպաստ, հետևաբար՝ այդ կողմի համար սուբյեկտիվորեն անընդունելի: Նման չափորոշիչներով դատական իշխանության անկախության և որակի գնահատականը միշտ լինելու է սուբյեկտիվ և չի ապահովելու դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության ակնկալվող օբյեկտիվ արդյունքը»,-ասաց Շահնազարյանը:
Դատական գործերի բաշխման և աշխատանքի ծանրաբեռնավության փոփոխության հետ կապված դատավորը նշեց, որ նախատեսված էր ավելացնել դատավորների և դատավորի օգնականների թիվը, ներդնել վեճի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոցներ՝ այդ թվում էլեկտրոնային գործիքներ, ինչպես նաև ներդնել և ակտիվորեն օգտագործել էլեկտրոնային կառավարման համակարգերը:
«Ես, որպես քաղաքացիական գործեր քննող դատավոր, կարող եմ ասել, որ առաջին մասով փոփոխություններ չեմ նկատել, մասնավորապես՝ ծրագիրն ընդունելու պահից սկսած մինչև օրս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քաղաքացիական մասնագիտացման գործեր քննող դատավոր չի ավելացվել, դատավորի օգնականների թիվը՝ առավել ևս:
Ինչ վերաբերում է վեճի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոցների ներդրմանը՝ այդ թվում էլեկտրոնային գործիքներին, այս առումով ևս նշանակալի քայլեր չեն ձեռնարկվել: Նշեմ, որ ներդրվել են էլեկտրոնային արդարադատության գործիքներ՝ միայն վճարման կարգադրության գործերի մասով, ի դեպ, ԲԴԽ-ի կողմից այդ համակարգի ստեղծման գործընթացին որպես դատավորներ ներգրավվել ենք ես և դատավոր Հ. Զարգարյանը: Իմ գնահատմամբ, այս համակարգը զգալիորեն թեթևացրել է վճարման կարգադրությունների վարույթներով դատարանի աշխատակազմի բեռը, ինչի մասին են վկայում դատավորների դրական արձագանքները, սակայն նման շատ այլ վարույթներով, այդ թվում՝ հայցային հատուկ՝ պարզեցված վարույթների մասով էլեկտրոնային արդարադատության գործիքներ, էլեկտրոնային կառավարման համակարգեր մինչ օրս չեն ներդրվել, տեղյակ չեմ, թե արդյոք այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, թե՝ ոչ»,-ասաց դատավորը:
Նա նշում է, որ բավականին երկար ժամանակ է, ինչ ծրագրի միջոցով գործերի էլեկտրոնային բաշխում տեղի չի ունենում՝ արդեն իսկ բազմիցս հրապարակված և հանրահայտ պատճառաբանություններով պայմանավորված, և քանի որ մակագրությունը կատարվում է դատարանի նախագահի կողմից, ապա այս գործընթացում օբյեկտիվ չափանիշի ապահովման շուրջ ողջամիտ կասկածներ մշտապես լինելու են. «Հաշվի առնելով այդ համակարգի ստեղծման նպատակները և ներկայումս դրանք իրագործելու անհնարինությունը, ավելին՝ հնարավոր չէ գործերը բաշխել հավասարաչափ այն ճշգրտությամբ, ինչպիսի ճշգրտությամբ դա կարելի է կազմակերպել համակարգչային ծրագրի միջոցով»:
Հովիկ Շահնազարյանի խոսքով՝ ծանրաբեռնվածության առումով դատավորները չեն թեթևացել, ինքը՝ առավել ևս:
«Քանի որ ԲԴԽ որոշմամբ համարվում եմ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործեր քննող դատավոր և հիմնական քաղաքացիական գործերից բացի՝ լրացուցիչ քննում եմ նաև այս գործերը՝ առանց մյուս գործերի մասով համապատասխան հարաբերակցությամբ քանակական նվազեցման:
Կարևոր էի համարում նաև ԲԴԽ-ի նախաձեռնած՝ կատարողական թերթ տրամադրելու լիազորությունը վերացնելու և միանգամից դատական ակտը Հարկադիր կատարման ծառայության միջոցով ի կատար ածելու գաղափարը, որը բազմիցս քննարկվեց, և եթե չեմ սխալվում, աշխատանքային խմբի միջոցով պատրաստվել է նաև օրենքների փոփոխության նախագիծ, սակայն համակարգի էլեկտրոնայնացման խնդիրները թույլ չտվեցին այն հասցնել իր տրամաբանական ավարտին, իսկ դա էականորեն կնվազեցներ դատավորի և նրա աշխատակազմի ծանրաբեռնվածությունը»,-ասում է նա:
Ըստ դատավոր Հովիկ Շահնազարյանի ներկայացրած եզրակացության, դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու առումով նշանակալի և տեսանելի քայլեր դեռևս արված չեն և դատական իշխանությունը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված վիճակում՝ դրանից բխող բացասական հետևանքներով հանդերձ, ինչն էլ տրամաբանորեն հանգեցնում է գործերի ողջամիտ ժամկետի քննության սկզբունքի խախտման, հետևաբար՝ դատական իշխանության հանդեպ հանրության վստահության անկմանը, ինչի պատճառները՝ իրականում դատավորների անգործությունը կամ ոչ պատշաճ աշխատանքը չէ, այլ՝ ներկայիս ծանրաբեռնվածության օբյեկտիվ հետևանքն է: