Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 1-ին, թվով 11-րդ և 12-րդ ֆոկուս խմբային քննարկումներ են անցկացվել Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ,18-րդ նպատակի՝ իրավապահ համակարգի բարեփոխումների վերաբերյալ։
Քննարկումներից առաջինն անցկացվել է Արդարադատության նախարարության, Հայ-ռուսական համալսարանի, սնանկության կառավարչության ոլորտի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Երկրորդ քննարկումն անցկացվել է ՔՀԿ-ների և փաստաբանական, իրավաբանական համայնքների ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ 14-րդ նպատակով նախատեսված է սնանկության համակարգի արդյունավետության բարձրացում։
Այս նպատակի ռազմավարական ուղղություններն են․
- Սնանկության կառավարիչների մասնագիտության ձեռք բերման, որակավորման, նշանակման ընթացակարգերի բարելավում, պատասխանատվության և գործունեության արդյունավետության բարձրացման գործիքակազմի ներդնում
- Ֆինանսական առողջացմանը նպաստող կայուն մեխանիզմների սահմանում
- Սնանկության վարույթում դատավորների (դատարանի) դերակատարման բարձրացում
- Սնանկության համակարգի վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացում,
- Սնանկության ունիվերսալ օրենսդրության մշակում,
- Սնանկության վարույթում պարտապանի գույքի գույքագրմանը, գնահատմանը և վաճառքին վերաբերող կարգավորումների վերանայում և կատարելագործում,
- Սնանկության վարույթում պարտատերերի, դատավորների (դատարանի) դերակատարման բարձրացում։
15-րդ նպատակով նախատեսվախ է վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում, այդ թվում․
- Արբիտրաժային կենտրոնների ստեղծում,
- Վեճերի լուծման այլընտրանքային այլ միջոցների զարգացում,
- Համապատասխան իրավական կրթության մակարդակի և հանրային իրազեկվածության բարձրացում,
- Արբիտրաժային օրենսդրության կատարելագործում։
16-րդ նպատակը վերաբերում է նոտարական համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես նախատեսվում է
- Կատարողական մակագրության թերթի ինստիտուտի բարելավում,
- Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի վերանայում,
- Նոտարական գործողությունների արդյունավետության բարձրացում։
17-րդ նպատակով էլ սահմանված է փաստաբանական համակարգի արդյունավետության բարձրացումը։ Նախատեսված է․
- Անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակի ընդլայնում,
- Անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային կառուցակարգերի զարգացում,
- Հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության բարձրացում,
- Փաստաբանական դպրոցի գործունեության զարգացում,
- Փաստաբանի վարքագծի և բարեվարքության կանոնների կատարելագործում,
- Փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերի զարգացում։
18-րդ նպատակը հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ է։ Նախատեսված է․
- Հարկադիր կատարման ոլորտի օրենսդրության համակարգային վերանայում,
- Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավում։
Հավելենք, որ ընդհանուր թվով 10 նմանատիպ քննարկումներ արդեն անցկավել են հունվարի 24-27-ին, 31-ին։