«Երկար տարիներ կոռուպցիայի ընկալման ցուցանիշի մեջ առողջապահության ոլորտը համարվում էր առաջատար ոլորտներից մեկը: Վերջին 3-4 տարիներին որոշակի դրական փոփոխություններ են եղել, որոնք հիմնականում պայմնավորված են առողջապահության ոլորտի ֆինանսավորման մեծացմամբ: Այդուհանդերձ ոլորտում առկա են մի շարք կոռուպցիոն ռիսկեր, որոնք արտահայտված են կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մեջ»,-այս մասին Իրավաբան. net-ի հետ զրույցում ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը:
Նրա խոսքով՝ կոռուպցիոն ռիսկերն արտահայտվում են մի քանի ուղղություններով՝ համակարգային, բուժաշխատող և պացիենտ հարաբերություններում և բժշկական կազմակերպություններում:
«Համակարգային ուղղության կոռուպցիոն ռիսկերը գալիս են պետության ոչ պատշաճ ֆինանսավորումից: Պետպատվերի ցածր ֆինանասավորվման տոկոսայնությունը տեղիք է տալիս տարբեր կոռուպցիոն դրսևորումների: Երկրորդ պատճառն այն է, որ նորմատիվային և կանոնակարգման բազան է շատ թույլ, դեռ կատարելագործված չէ և առողջապահական կազմակերպության կարգավորումներն ունեն լուրջ բացեր, որոնք արտահայտվում են, թե՛ գնումների գործընթացում, թե՛ առողջապահական ծառայությունների գների հարցում և համանման այլ հարաբերություններում»,-ասաց նա:
Ըստ Մովսես Արիստակեսյանի՝ շատ կարևոր են բուժանձնակազմի և բուժառուի միջև եղած հարաբերությունները: Այդ հարաբերությունների վրա հոգեբանական ազդեցություններ չպետք է լինեն․ «Պետպատվերով բուժվողները մտածում են՝ գումար վճարենք, որ նրանք որակյալ ծառայություններ մատուցեն: Դա շատ վատ դրսևորում է, պետք է դա արմատախիլ անել: Պետությունը պետք է մտածի կարգավորելու, թե՛ վճարովի ծառայությունները, թե՛ բարձրացնի պետպատվերով մատուցվող ծառայությունների գները»։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ երկրում ներդրվեն բժշկատնտեսագիտական ստանդարտներ, որոնք կկիրառվեն և՛ վճարովի, և՛ պետպատվերով ծառայություններում:
«Այս խնդիրները լուծելու համար շատ կարևոր է ներդնել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ, որը հիմա կոչվում է՝ համապարփակ բժշկական ապահովագրություն: Պետք է յուրաքանչյուր քաղաքացի իմանա, որ ինքն արդեն իսկ վճարել է և իր փաթեթի շրջանակներում կարող է օգնություն ստանալ: Պետք է հասկանալ, որ պետպատվերն էլ անվճար չէ, դրա համար քաղաքացին վճարումներ է կատարում բյուջե, ըստ էության սա պետական ապահովագրություն է»,-նշում է մասնագետը:
Մովսես Արիստակեսյանը շեշտում է, որ աշխատավարձի բարեփոխումը կնպաստի կոռուպցիոն ռիսկի նվազեցմանը, քանի որ ներկայումս բժիշկները պացիենտից ակնկալիքներ ունեն ցածր աշխատավարձի պատճառով:
«Իրենք հսկայական գործ են անում, ամենաթանկի՝ առողջության համար են պայքարում և պետք է պատշաճ վարձատրվեն: Օրինակ՝ ես վերջերս բուժվել եմ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Բուժանձնակազմից որևէ մեկից չեմ նկատել, որ հավելյալ վարձատրություն ակնկալեին․ ոչ ոք չէր սպասում ու չէր ակնկալում նման բան: Կարծում եմ, որ դա կապված է բուժանձնակազմի ղեկավարության հետ: Նրանք պատշաճ են կատարում իրենց գործը: Հատկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուրոլոգիայի բաժնի ղեկավար Արթուր Գրաբսկուն և իր ղեկավարությամբ աշխատող բուժանձնակազմին ՝ պրոֆեսիոնալ և բարեխիղճ աշխատանքի համար»,-նշեց նա: