Չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը կրկին պոտենցիալ սպառնալիք դառնա Ադրբեջանի համար․ Ալիև

Հունվարի 30-ին Գյանջա կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին։

Նա խոսել է առաջիկա անելիքների մասին ու հայտարարել․

«Մենք ոչ մի կերպ չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը կրկին պոտենցիալ սպառնալիք դառնա Ադրբեջանի համար. Եթե ​​սա նկատենք, տեղում կքանդենք։ Սա պետք է իմանան բոլորը»,-նշել է նա։

Ալիևը մեկնաբանել է նաև Ռուսաստանում Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրության դադարեցման մասին։

«Ես միջազգային կազմակերպությունների և երկրների առաջ բարձրացրել եմ այն ​​հարցը, որ հնարավոր չէ փառաբանել նացիստներին։ Ես դահիճ Նժդեհի հարցը բարձրացրել եմ ԱՊՀ գագաթնաժողովի իմ ելույթներից մեկում։ Ես ասացի, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվող Նժդեհի հուշարձանը ֆաշիզմի քարոզչություն է։ Սրան պետք է վերջ տալ։ Այս մարդը ֆաշիստ էր, դահիճ»,-ասել է Ալիևը։

Նա հայտարարել է, թե Հայաստանի գործող իշխանությունները ֆաշիզմ են քարոզում։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Ակնայի (Աղդամի) շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի (Լաչինի) շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել